01.04.2021 | 
Հասարակություն
«ԻՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԻՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ». ԵՊՀ  ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵՊՀ-ում այսօր Հոգաբարձուների խորհրդի չկայացած նիստից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. պարոն Գեղամ Գևորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Մասնավորապես, լրագրողի այն հարցին, թե ինչ որակում է տալիս ԵՊՀ  ժ.պ. Գեղամ Գևորգյանը և արդյոք համաձայն է հնչեցրած այն տեսակետների հետ, որ այսօրվա քվորում չապահովելը կառավարության կողմից սաբոտաժ է, վերջինս նշեց, որ միանշանակ չի կարող պատասխանել, քանի որ հակառակը մատնանշող գործընթացներ էլ են տեղի ունենում, ամեն դեպքում իրավիճակը պետք է մեկնաբանի համալսարանի հոգաբարձուների խորհուրդը:

 

Գեղամ Գևորգյանն անդրադարձավ նաև կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցված ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարին և նշեց, որ վարչապետի հայտարարածը դեռևս սովետական ժամանակներից եկած «ակադեմգորոդոկ» ռուսական տերմինի անհաջող թարգմանությունն է. «Նմանօրինակ ավաններ կամ ուսանողական կոմպուսներ կան բազմաթիվ երկրներում: Առաջին անգամ այդ տերմինը կիրառվել է Նովոսիբիրսկում, որտեղ ստեղծվել էր ակադեմգորոդոկ, որը հիմա էլ գործում է, այնտեղ կենտրոնացված են ինչպես մի շարք բուհեր, այնպես էլ ՌԴ գիտությունների ակադեմիան և Սիբիրյան մասնաճյուղը: Այն խոշոր արդյունաբերական քաղաք է: Այսինքն՝ դա նորություն չէ: Թամանյանի գծագրած հատակագծում էլ Երևանում առկա է ուսանողական թաղամաս, որտեղ ներկայումս Պոլիտեխնիկական համալսարանն է, Հանրային գրադարանը, Ագրարային համալսարանը, հարակից այգիները, ԵՊՀ 6-րդ մասնաշենքը (Սև շենքը), Բժշկական համալսարանի ամբողջ համալիրը՝ հիվանդանոցով ու անատոմիկով, մինչև Տնտեսագիտության համալսարանի շենքը: Հետագայում այդ տարածքն Օղակաձև այգով ընդարձակվեց մինչև Մանկավարժական համալսարան, իսկ վերևի հատվածում ներառեց նաև Գեղարվեստի ակադեմիան: 80-ականներին գաղափար կար նաև Ավանում, որտեղ հիմա Ֆուտբոլի ակադեմիան է, մասնավոր տներ և համալսարանականների համար կառուցված շենքեր, իսկ այն ժամանակ ամայի տարածքներ էին, կառուցել ուսանողական թաղամաս: Գաղափարն ինքնին վատը չէ, այն պարզապես սխալ ներկայացվեց. պետք է սկսել կառուցելուց, այլ ոչ թե վաճառելուց: ԵՊՀ շենքը, որն ամենագեղեցիկ շենքերից է, իհարկե, ենթակա չէ վաճառքի, չնայած որ տարածքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք, օրինակ՝ մեքենաների կայանման հարցը»:

 

Գեղամ Գևորգյանը նշեց նաև, որ գաղափարը հին է, ինչպես համալսարանները, սակայն անիրատեսական է, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված. «Համալսարանների աշխատողների ու նրանց ընտանիքների, ինչպես նաև ուսանողների համար ակադեմիական թաղամասում պետք է գործեն նաև այլ օբյեկտներ՝ դպրոցներ, սննդի կետեր, մշակութային կենտրոններ, հիվանդանոց և այլն, այսինքն՝100.000 և ավելի բնակիչ ունեցող քաղաք է պետք ստեղծել, ինչը դժվար է իրականացնել: Խնդիր է նաև, օրինակ, բժիշկներ կամ ինժեներներ պատրաստել մի տարածքում, որտեղ չկան հիվանդանոցներ կամ արդյունաբերություն»:

 

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք պաշտոնակատար լինելը չի խանգարում բուհում նոր ծրագրեր իրականացնելուն, Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ ուսումնագիտական և կրթական գործընթացներին ավելի շատ խանգարել են համավարակն ու պատերազմը:

 

«Իմ պաշտոնավարությունն էլ ժամանակավոր է, ինչպես և ամեն ինչ այս կյանքում, սակայն դա չի խանգարում, որ ես իմ թիմի հետ շարունակեմ իրականացնել մեր առջև դրված ծրագրերը: Մասնավորապես բավականին հաջող իրականացրել ենք բուհի բյուջեի կատարողականը, կրթական բոլոր ծրագրերը, նորամուծություններ ենք իրականացրել, որոնք խիստ անհրաժեշտ են հավատարմագրման գործընթացն անցնելու համար»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը և հավելեց, որ, իհարկե, կան մարդիկ, որոնք չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել այս գործընթացները, որոնք իրենց դերը կարևորելու համար նախընտրում են ստորադասել դիմացինի դերը, սակայն այս վիճակը ներկայումս ամենուր է:

 

Ոլորտի օրենսդրական փոփոխությունների և ռեկտորի ընտրության մասին խոսելով՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ ռեկտորի ընտրությունը կարելի էր անցկացնել դեռևս մեկ կամ երկու տարի առաջ, իսկ նախարարի հայտարարությունը մեկնաբանելու իմաստ չի տեսնում: Իր կարծիքով, բուհի ռեկտորին պետք է նշանակի լիազոր մարմինը: Իսկ Հոգաբարձուների խորհրդի միակ դերը ռեկտոր նշանակելը չէ, այլ ռազմավարական ուղիների նախանշումը, ճիշտ կառավարումը և այլն:  Ի վերջո, ռեկտորի նշանակված կամ ընտրված լինելու փաստը կարևոր չէ, կարևոր է ղեկավարության ու հասարակության  վերաբերմունքն ակադեմիական համակարգի հանդեպ:

 

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում տիրող մթնոլորտին, որը շատերի կողմից որպես անառողջ է գնահատվում, Գ. Գևորգյանը փաստեց, որ, այո՛, խնդիրներ կան, սակայն նմանաբնույթ ձևակերպումները չափազանցված են. «Մեծ կոլեկտիվներում միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնց կարծիքները չեն համընկնում մեծամասնության կարծիքի հետ, ինչը ճիշտ է, քանի որ հակառակ դեպքում լճացում կլինի»:

 

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ռեկտորի ժ.պ.-ն կրկին հայտարարեց, որ չի պայքարել և հիմա էլ չի պայքարում ռեկտորի պաշտոնի համար: Իսկ բուհում տիրող համավարակային իրավիճակը Գ. Գևորգյանը բավականին մտահոգիչ որակեց՝ նշելով, որ միայն վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից:

 

Վարդուհի Զաքարյան

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։