24.11.2010 | 
Հասարակություն
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր համաձայնագիր ստորագրվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի եւ Հայաստանի ժուռնալիստների միության միջեւ:

Ըստ այդ համաձայնագրի` ԺՄ-ն Ժուռնալիստիկայի ֆակուլտետին է հանձնում Պատանի լրագրողի դպրոցի ղեկավարումը: Դպրոցը միության կազմում գործում է 1973 թվականից: Այնտեղ ուսուցումն անվճար է: «Մեր ապագա պլանների մեջ մտնում է նաեւ Ժուռնալիստների միության հետ համագործակցությունը հետագայում էլ ավելի արդյունավետ ու ինտենսիվ դարձնելը` ոչ միայն ընդգրկելով նրա անդամներին ուսումնական գործընթացներում, այլեւ նրանց մասնակից դարձնելով համահամալսարանական բոլոր միջոցառումներին: Համաձայնագիր ստորագրելը մի բան է, համատեղ գործունեություն իրականացնելը` մեկ այլ բան»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

«Մեր համագործակցությունը գոյություն ուներ դեռեւս մինչ ֆակուլտետի ծնունդը, երբ մենք դասախոսների հետ պայքարում էինք, որ բաժինը դառնա ֆակուլտետ: Հետո ապացուցվեց, որ այդ պայքարն արդարացված էր,- պատմում է ԺՄ նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ հավելում,- Պատանի լրագրողի դպրոցը սովորեցնում է ժուռնալիստական այբուբենը, եւ ով պետք է դա անի, եթե ոչ արդեն կայացած լրագրողները»: Այսուհետ ֆակուլտետի դասախոսները պարբերաբար դասախոսություններ կկարդան դպրոցում: Անհրաժեշտության դեպքում դպրոցի սաները հնարավորություն կունենան օգտվելու ֆակուլտետի մուլտիմեդիա լաբորատորիայից, գրադարան-ընթերցասրահից: Նրանց լավագույն հրապարակումներն էլ կտպագրվեն ֆակուլտետի պաշտոնաթերթում` «Ժուռնալիստում», եւ www.journalist.am կայքում: Իսկ Ժուռնալիստների միությունը պարտավորվում է ֆակուլտետի ուսանողներին հատկացնել 9 անվանական կրթաթոշակ` Գրիգոր Արծրունու եւ Գառնիկ Անանյանի անվան, եւ 7 կրթաթոշակ լավագույն հրապարակումների համար: Համաձայնագրի ստորագրումից հետո սկսվեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին անցած մեկ տարվա աշխատանքները: ԵՊՀ ռեկտորը եւ գիտխորհրդի անդամները լսեցին դեկան Նաղաշ Մարտիրոսյանի տարեկան հաշվետվությունը: Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ ֆակուլտետը սերտորեն համագործակցում է տեղական առաջատար լրատվամիջոցների հետ, իսկ անցած տարվանից համագործակցության եզրեր է գտել նաեւ գերմանական «Deutsche Welle» լրագրողական ակադեմիայի հետ:

 

Ֆակուլտետում «Ժուռնալիստի վարպետություն» դասավանդելու են հրավիրվում հայտնի մասնագետներ: Անցած մեկ տարում ֆակուլտետում կազմակերպվել են գիտաժողովներ, ֆակուլտետի ներկայացուցիչները մասնակցել են համաժողովների, իսկ այս տարի Սփյուռքի նախարարությունը հենց նրանց է վստահել սփյուռքահայ լրագրողների վերապատրաստման գործը: Ֆակուլտետի ղեկավարության կողմից առաջարկ հնչեց նաեւ «Հանրային կապեր (PR)» մասնագիտացում բացելու վերաբերյալ` հաշվի առնելով մասնագետների պահանջարկը եւ այն հանգամանքը, որ այլ երկրներում այդ մասնագիտացմամբ բուհեր են գործում: Ռեկտոր Արամ Սիմոնյանը խոստացավ քննարկել այդ հարցը:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: