03.06.2021 | 
Հասարակություն
«ՊԵՏՔ Է ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԱՎԵԼԻ ՄՈՏԵՑՆԵԼ ԻՐԱՐ». ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆ
«ՊԵՏՔ Է ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԱՎԵԼԻ ՄՈՏԵՑՆԵԼ ԻՐԱՐ». ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սաղյանը «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բնագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Պարոն Սաղյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, անցած ճանապարհի, մանկավարժական գործունեության, իր կողմից կիրառվող մեթոդների, գիտության ու կրթության ոլորտների մարտահրավերների և այլ թեմաների մասին:

- Պարո՛ն Սաղյան, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք ընտրել քիմիան:

 

- Մասնագիտությունս ընտրել եմ դեռևս դպրոցում սովորելու տարիներին: Ես սովորել եմ Լեռնային Ղարաբաղի ամենահեռավոր գյուղերից մեկում, որը գտնվում է Մռավ սարի հովտում: Մեր գյուղում այնպիսի պայմաններ էին, որ հիմնականում սովորում էինք, քանի որ այլ զբաղմունքներ չկային: Քիմիայի նկատմամբ սերն ի հայտ է եկել ուսուցչիս շնորհիվ: Նա, ի դեպ, հորեղբայրս էր. փայլուն մասնագետ, որը սեր արթնացրեց դեպի առարկան և օգնեց, որ ընդունելության ժամանակ հենց առաջին տարում ընդունվեի ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ: Հետագայում սովորել եմ ԽՍՀՄ ԳԱ Ա. Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի ասպիրանտուրայում, 1985 թ. պաշտպանել թեկնածուական ատենախոսությունս և վերադարձել Հայաստան: Այստեղ սկսել եմ զբաղվել արդեն քիմիա-կենսաբանություն սահմանային մասնագիտացմամբ, որը հետագայում ձևավորվեց որպես կենսատեխնոլոգիա և դարձավ առանձին ճյուղ:

 

- Ձեր սահմանմամբ, ի՞նչ է քիմիան, ի՞նչ ապագա ունի այն:

 

- Այսօրվա պահանջներով քիմիան՝ որպես առանձին գիտակարգ, կարծում եմ՝ որևէ մեծ արժեք չի կարող ունենալ: Այսօր տնտեսության, գիտության տեխնիկայի զարգացման պահանջները թելադրում են, որ քիմիան պետք է լինի կենսաբանության, ֆիզիկայի, բժշկագիտության և այլ գիտակարգերի հետ միահյուսված, քանի որ եթե նախկինում կային քիմիական գործարաններ, որտեղ աշխատում էին մեր շրջանավարտները, ապա այսօր դրանք չկան, և աշխատաշուկայի հիմնական պահանջարկը տնտեսության տարբեր ոլորտներն են, որոնք ակնկալում են միջգիտակարգային գիտելիքներ: Քիմիան ամենուր է, և առանց դրա դժվար է պատկերացնել մյուս ճյուղերի զարգացումը: Քիմիան պետք է մնա որպես գիտության առանցքային ուղղություն, մեր գիտահենք տնտեսության զարգացման գործում այն պետք է որոշիչ դերակատարություն ունենա:

 

- Պարո՛ն Սաղյան, երբվանի՞ց եք սկսել իրականացնել մանկավարժական գործունեություն:

 

 - Մանկավարժական գործունեությամբ զբաղվում եմ 1997 թվականից: Սկզբում ժամավճարային հիմունքով աշխատել եմ ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնում, հետո, երբ բացվեց Դեղագործական քիմիայի ամբիոնը, ես առաջիններից մեկն էի, որ ընդունվեցի այդ ամբիոն, ապա ստացա դոցենտի, այնուհետև՝ պրոֆեսորի գիտական կոչում: 2003 թ. գլխավորել եմ ամբիոնը, որի հենքի վրա 2016 թ. ստեղծվեց Ֆարմացիայի ինստիտուտը, որը ղեկավարում եմ մինչ օրս:

 

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ է մանկավարժությունը:

 

- Դասախոս լինելը հեշտ չէ: Այն կարողություն է, ինչ-որ իմաստով՝ արվեստ: Դասախոսն ուսանողին պետք է կարողանա բացատրել այն, ինչ գիտի, կարողանա դա անել մատչելի, ընկալելի ձևով: Ես ճանաչում եմ բազմաթիվ հայտնի գիտնականների, ներկա եմ եղել նրանց դասախոսություններին ու նկատել, որ նրանց միտքը խոսքից առաջ էր ընկնում, ինչը դժվարացնում էր ընկալումը: Բայց հիշում եմ նաև, երբ 1998 թ. Օքսֆորդում գիտաժողովի ժամանակ դասախոսությամբ պիտի հանդես գար նույն համալսարանի պրոֆեսոր Բրաունը, ես շատ անհանգստանում էի՝ մտածելով, որ անգլերենին ոչ լավ տիրապետելու պատճառով կդժվարանամ, բայց նա այնքան մատչելի ներկայացրեց նյութը, որ մինչ այսօր հիշում եմ այդ դասախոսությունը: Իմ դասախոսությունների ժամանակ ես փորձում եմ ուսանողներին «բերել» լսարան, գրավել նրանց ուշադրությունը, անել այնպես, որ ուսանողը լսի, փորձի հասկանալ:

 

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ մեթոդներ պետք է կիրառի դասախոս-գիտնականը, որ իր դասախոսություններն առավել արդյունավետ կազմակերպի: Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:

 

- Իմ մեթոդն ուղղված է լրացնելու այն բացը, որը ես զգացել եմ ուսանողական տարիներին. պետք է ավելի շատ գործնական գիտելիքներ փոխանցել: Ես ավարտել եմ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը գերազանցությամբ, նույն տարում մեկնել եմ Մոսկվա՝ ասպիրանտուրայի ընդունելության քննություն տալու համար և հասկացել, որ մեզ ճիշտ չեն սովորեցրել: Օրինակ՝ «Ֆիզքիմիա» առարկայի շրջանակում մեզ սովորեցնում էին բանաձև դուրս գրել, մինչդեռ դա ֆիզքիմիա չէ: Երբ ես քննությանը բանաձև էի դուրս գրում, մեկն ինձ մոտեցավ ու ասաց, որ գրքում այդ բանաձևը կա, ինձնից պահանջվում էր բացատրել այդ բանաձևի ֆիզիկական իմաստը, էությունը: Ուսանողական տարիների բացերից մեկը նաև այն էր, որ լաբորատոր աշխատանքները քիչ էին, և հիմա իմ գլխավոր նպատակներից մեկը Ֆարմացիայի ինստիտուտում դա ներդնելն է: Այսօր արդեն ֆարմացիայի ուղղությամբ մենք ունենք բոլոր սարքավորումները լաբորատոր աշխատանքներ իրականացնելու համար: Ես կարծում եմ, որ լսարանում ստացած հիմնարար գիտելիքներն ուսանողները պետք է կիրառեն գործնականում, և դա պետք է լինի հենց ուսումնառության ընթացքում, որպեսզի հմտություններ ձեռք բերելու գործում նրանց ևս օգնեն, աջակցեն ու ուղղորդեն:

 

- Պարո՛ն Սաղյան, հիշո՞ւմ եք գիտական Ձեր առաջին աշխատանքը: Ինչի՞ մասին էր այն:

 

- Գիտական առաջին աշխատանքս իրականացրել եմ Մոսկվայում: Սինթեզել եմ նոր նյութ և տպագրել գիտական առաջին հոդվածս ԽՍՀՄ ԳԱ «Известия» քիմիական հանդեսում: Այդ ժամանակ շատ էի ուրախացել, քանի որ նախնական շրջանում մի քիչ դժվարանում էի. սկզբում ընդունվել էի մի համալսարան, հետո՝ մեկ ուրիշը, որտեղ արդեն գիտությունը շատ բարձր մակարդակի վրա էր: Ղեկավարս երիտասարդ, արտասահմանում մեծ հեղինակություն ունեցող գիտնական էր, որը շատ պահանջկոտ էր: Նա ինձ սովորեցրել է ոչ միայն աշխատել, այլև շփվել գիտնականների հետ և այլն: Ինչ սովորել եմ այդ ընթացքում, այսօր փորձում եմ փոխանցել իմ երիտասարդ գործընկերներին:

 

- Գիտամանկավարժական գործունեությունից բացի՝ կառավարում եք նաև Ֆարմացիայի ինստիտուտը: Ինչպե՞ս եք համատեղում, ի՞նչ դժվարություններ են ի հայտ գալիս:

 

- Վարչական աշխատանք իրականացնում եմ ոչ միայն ԵՊՀ-ում, այլև ղեկավարում եմ նաև ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը: Ե՛վ Ֆարմացիայի ինստիտուտը, և՛ կենտրոնը սկսել եմ ղեկավարել, երբ դրանք բարվոք վիճակում չեն եղել: Կենտրոնը կազմալուծված էր, ինստիտուտում էլ կար ընդամենը մեկ քիմիական լաբորատորիա: Ժամանակի ընթացքում լուծվեցին բոլոր խնդիրները: Այսօր արդեն ունենք լաբորատորիաներ՝ հագեցած ինչպես ժամանակակից կահույքով, այնպես էլ բազմաթիվ լաբորատոր և վերլուծական սարքավորումներով:

 

- Պարո՛ն Սաղյան, ըստ Ձեզ՝ որո՞նք են կրթության և գիտության առաջնային հիմնահարցերն այսօր. ի՞նչ լուծումներ կառաջարկեք Դուք:

  

- Գիտության ոլորտի վերաբերյալ կասեմ, որ նախևառաջ պետք է չխանգարել: Որպես վարչական աշխատակից, գիտության ու կրթության կազմակերպիչ՝ կարող եմ ասել, որ գնումների ընթացակարգն է շատ խանգարում: Կրթության ոլորտում ցանկացած համակարգի ու փոփոխությունների մենք հարմարվում ենք: Երբ ներդրվեց երկաստիճան կրթական համակարգը, սկզբում դժվարությամբ ընդունեցինք, բայց ընթացքում շտկեցինք, զարգացրինք և այժմ փորձում ենք այդ համակարգի շրջանակում արդյունավետ կրթություն իրականացնել: Իսկ առաջիկայում, իմ կարծիքով, պետք է գիտությունն ու կրթությունն աստիճանաբար ավելի մոտեցնել իրար: Վերջերս առաջարկվում էր ինստիտուտները միացնել համալսարաններին: Այս փուլում իհարկե դրա իրականացումը ճիշտ չէ, քանի որ համալսարանները պատրաստ չեն, բայց հետագայի համար գաղափարը վատը չէ: Բայց ես քննարկումների ժամանակ ասել եմ, որ դա իրականացնելու համար պետք է մոդել ստեղծել, միջանկյալ ժամանակահատված տրամադրել: Պետք է մի քանի տարի անցումային շրջան ապահովել՝ պահպանելով այս համակարգը, փորձել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների համագործակցությունն ընդլայնել, խորացնել ու սերտ կապ ստեղծել դրանց միջև: Արդյունքում արդեն պարզ կլինի՝ ինչպես անել:

 

Ժամանակի ընթացքում կարող ենք հանգել եզրակացության, որ այսինչ ինստիտուտը և այսինչ ֆակուլտետը կամ ամբիոնը պետք է միաձուլվեն, և մտածենք արդեն մեխանիզմների մասին: Դա միանգամից չպիտի լինի կամ ինչ-որ մեկի ցանկությամբ: Նույն գործընթացը, կարծում եմ, պետք է իրականացվի համալսարանում, պետք է կառուցվածքային օպտիմալացում լինի: Ստորաբաժանումները պետք է միացվեն իրար բովանդակային առումով, իսկ դրա համար պետք է հիմք հանդիսանան պետության տնտեսության զարգացման ռազմավարական խնդիրները: Խոսքն այն տնտեսության մասին է, որը պատկերացնում ենք առաջիկայում: Կարծում եմ՝ գիտական փոքր խմբերը և դրանց կրթական ուղղությունները պետք է միաձուլվեն խոշոր ուղղությունների ներքո, և դրանք պետք է դառնան մեր երկրում գիտության, կրթության զարգացման գերակա ուղղությունները, որոնք էլ հենք կդառնան տնտեսության զարգացման համար: 

 

- Պարո՛ն Սաղյան, Ձեր գործունեության ընթացքում արժանացել եք պետական և միջզգային մի շարք մրցանակների, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել նաև այս մրցույթին: Կարևո՞ր է Ձեզ համար այս մրցանակը:

 

 - Գիտության ոլորտում ես գրեթե բոլոր հնարավոր մրցանակներին արժանացել եմ՝ թե՛ պետական, թե՛ միջազգային (խմբ.- ՀՀ պետական մրցանակ, ՀՀ նախագահի երկու մրցանակ, Եվրամիության Դեկարտի անվան մրցանակ, ՉԺՀ կառավարական «Բարեկամություն» շքանշան): Բացի Նոբելյան մրցանակից՝ մյուս բոլոր պարգևները երևի ստացել եմ, բայց այդ մրցանակները տրվել են  գիտության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար, իսկ կրթության ոլորտում, գիտելիքները լսարանին արդյունավետ հաղորդելու տեսանկյունից, սա առաջին մրցանակն է: Շատ ուրախ եմ, որ այն շնորհվել է ԵՊՀ-ի կողմից. այն ինձ համար սրբություն է:

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ուսանողներին և գործընկերներին:

 

- Գործընկերներիս անընդհատ խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ, որ թարմացնեն իրենց գիտելիքները կրթության ու գիտության ոլորտներում և ծանոթանան նորագույն մեթոդներին: Ուսանողներին միշտ խորհուրդ եմ տալիս սովորել: Ժամանակը թանկ է, օգտագործեք այն սովորելու համար: Ուսանողի գործը հենց դա է:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՄԻՆԱՆՏ ԱՌԱՐԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՉԷ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է իր երկրորդ՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գիրքը, որտեղ դիտարկվել են տեղեկատվական հեղափոխության դերն ու նշանակությունը մարդկության և հասարակական ոլորտների զարգացման գործընթացում: Տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք գրքի, դրանում արծարծված թեմաների ու առաջիկա ծրագրերի մասին:
«ԱՐՑԱԽԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ. ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ». ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Արցախը և միջազգային քրեական դատարանը. նոր հեռանկարներ» խորագրով առցանց սեմինար, որը վարել է Միջազգային քրեական դատարանի ավագ դատական ծառայող Էդուարդո Տոլեդոն։