07.12.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Կարպիս Անումյանը մասնակցել է «ԱՊՀ լավագույն երիտասարդ գիտնական-2020» մրցույթին և ճանաչվել հաղթող՝ արժանանալով առաջին կարգի մրցանակի։

Կարպիս Անումյանը, գերազանցությամբ ավարտելով ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրան, նույն տարում՝ 2019 թվականին, ընդունվել է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի (РУДН) բանասիրական ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի ասպիրանտուրա։

 

ԵՊՀ-ում սովորելիս ուսումնառությանը զուգահեռ Կարպիսն անդամակցել է ուսանողական կառույցներին, նա ավելի քան 4 տարի եղել է Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահը՝ մասնակցելով և կազմակերպելով գիտակրթական բազմաթիվ միջոցառումներ, գիտաժողովներ։ 2019 թ. կառույցի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա բեղմնավոր գործունեության համար նա արժանացել է ԵՊՀ ՈՒԳԸ-ի պատվավոր անդամի կոչմանը:

 

Նույն տարում ուսման մեջ ունեցած ձեռքբերումների, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է համալսարանի բրոնզե մեդալով: 

 

Կարպիսը մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել միջազգային տարբեր գիտաժողովների, գիտագործնական հանդիպումների, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների և այլ միջոցառումների ժամանակ։ Նա հեղինակ է հրապարակված 12 գիտական աշխատանքների, որոնցից մի քանիսը տպագրվել են նաև ինդեքսավորվող «WoS» և «Scopus» համակարգերում ընդգրկված պարբերականներում։

 

Մեզ հետ զրույցում խոսելով «ԱՊՀ լավագույն երիտասարդ գիտնական-2020» մրցույթի մասին՝ Կարպիսը տեղեկացրեց, որ այն կազմակերպվել էր Երիտասարդ գիտնականների միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ և ««Բոբեկ» համազգային շարժում» ասոցիացիայի աջակցությամբ։ Մրցույթն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաքում՝ Նուր-Սուլթանում։

 

«Մրցույթին մասնակցելու համար հրավիրվել էին մագիստրանտներ, ասպիրանտներ և մինչև 35 տարեկան գիտնականներ։ Բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեին գիտական հոդված կամ գիտահետազոտական աշխատանք։ Ես ներկայացրել եմ «Միգրացիոն գործընթացների էթնոլեզվամշակութային առանձնահատկությունները» թեմայով գիտական հոդված, որը ճանաչվել է լավագույնը, ինչի արդյունքում էլ արժանացա 1-ին կարգի դիպլոմի և «Լավագույն երիտասարդ գիտնական-2020» մեդալի»,- պատմում է Կարպիսը։

 

 

Մեր զրույցի ժամանակ խոսելով գիտության մասին՝ Կարպիսը նշեց, որ իր կարծիքով Հայաստանում առկա են գիտության կառուցվածքային անհամաչափություններ՝ բնորոշ Խորհրդային Միության գիտական մոդելին, ինչի հետևանքով ուսումնասիրությունները ճշգրիտ գիտությունների ասպարեզում շարունակում են մնալ գերակա, մինչդեռ ժամանակակից աշխարհում արդեն առաջատար են համարվում համակարգչային, կենսաբանական, շրջակա միջավայրի և անտրոպոկենտրոն գիտական ուսումնասիրությունները։

 

«Չնայած փոփոխությունները ոչ միշտ են դրական և ցանկալի արդյունք տալիս, ինչն ապացուցվեց վերջին տարիներին կրթական ոլորտում իրականացված փոփոխությունների դեպքում, այնուամենայնիվ Հայաստանի գիտակրթական ներկայիս համակարգը հիմնարար վերափոխման կարիք ունի»,- փաստում է Կարպիսը։

 

Նրա խոսքով, պետք է վերանայել ինչպես ատենախոսությունների պաշտպանության, այնպես էլ դասախոսների հաշվետվությունների չափորոշիչները՝ մասնավորապես պարտադիր դարձնելով, օրինակ, կիսամյակը մեկ պարբերականությամբ «WoS» կամ «Scopus» միջազգային գիտական ամսագրերի համակարգում ընդգրկված պարբերականներում օտար լեզուներով հոդվածների հրապարակումը։ Ըստ նրա՝ դա կնպաստի հայրենական հետազոտողների աշխատանքների միջազգայնացմանը և կբարձրացնի հայաստանյան գիտության հեղինակությունն ամբողջ աշխարհում։

 

«Առաջնահերթ պետք է դառնան նաև նման պարբերականների ստեղծումն ու բազմացումը։ Ինչպես գիտեք, ներկայումս Հայաստանում կա ամրագրված ինդեքսավորվող երեք պարբերական, որոնց շարքում չկան բանասիրական և շատ այլ բնագավառների համար նախատեսված հանդեսներ»,- ասում է ասպիրանտը։

 

Կարպիսի կարծիքով, ուսանողներին և մագիստրանտներին պետք է տրամադրել հետազոտական թեմաներ արդի ուսումնասիրությունների շրջանակում, ինչպես նաև խրախուսել ու հորդորել գիտակրթական միջոցառումների՝ կլոր սեղան- քննարկումների, սեմինարների, վեբինարների, գիտաժողովների, սիմպոզիումների և ֆորումների ինչպես մասնակցությունը, այնպես էլ կազմակերպումը։

 

Նրա վստահեցմամբ, այս քայլերի իրականացմամբ միանշանակ կմեծանա գիտական ներուժը Հայաստանում, ինչպես նաև դրա ազդեցիկ ներկայությունը գիտական միջազգային հարթակներում։ 

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ 2021 Թ. ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ամփոփվել են ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 102-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ դիմելով բոլոր համալսարանականներին։