21.04.2021 | 
Կրթություն
«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է «Բրենդի կառավարում» հեղինակային առաջին գրքերից մեկը: Ավելի քան տասը տարի ԵՊՀ-ում դասավանդող տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք իր գործունեության և հեղինակած գրքի մասին:

- Տիկի՛ն Շաքարյան , ավելի քան տասը տարի դասավանդում եք ԵՊՀ-ում:Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր անցած ուղին։

 

- Այս տարիների հետ են կապված իմ լավագույն հիշողություններն ու կարևորագույն ձեռքբերումները՝ սկզբում որպես ուսանող և երիտասարդ մասնագետ, ապա որպես դասախոս և գիտնական։ ԵՊՀ-ում իմ անցած ուղին բավականին բազմաբնույթ և բեղուն է եղել ու շարունակում է լինել այդպիսին, ինչպես գիտելիքների ու ընկերների ձեռքբերման, այնպես էլ նոր կրթական մոդուլների ստեղծման ու մասնագետների պատրաստման տեսանկյունից։

 

- Ի՞նչ կառանձնացնեք Ձեր գործունեության մեջ որպես առանցքային ներդրում կրթական ոլորտում։

 

 

- Գիտելիքն ու կրթությունն արդի գլոբալ աշխարհի կարորագույն ռեսուրսներն են, որոնց հենքով երկրները դիրքավորվում են աշխարհաքաղաքական համակարգում։ Մեր երկրում կրթական համակարգն ուժեղացնելու համար հարկ է ավելացնել մասնագիտական հայալեզու գրականությունը։ Վերջերս հրատարակվել է հեղինակային իմ առաջին գրքերից մեկը՝ «Բրենդի կառավարում»-ը, ինչը, թերևս, իմ կարևորագույն ներդրումն եմ համարում կրթական ոլորտում։ Այս առումով գործունեությունս շարունակական բնույթ է կրելու և շուտով հանդես կգամ նորություններով։

 

- Կպատմե՞ք Ձեր գրքի վերաբերյալ։ Ինչի՞ մասին է այն։

 

- Գիրքն իր բնույթով ուսումնական ձեռնարկ է և հասցեագրվում է ինչպես ոլորտի ուսանողներին, այնպես էլ մասնագետներին։ Բովանդակային առումով գիրքը ներկայացնում է բրենդի ստեղծման, զարգացման, շուկայում դիրքավորման և կառավարման շղթայական գործընթացը՝ տարաբնույթ մեթոդների ու տեխնիկաների կիրառությամբ։

 

 

- Ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ այս թեմային։

 

- Բրենդինգն այն ոլորտն է, որտեղ սկսվել է իմ մասնագիտական գործունեությունը։ Առաջին կրթական ծրագիրը, որը զարգացրել եմ ու դասավանդում եմ առ այսօր Բրենդինգի հիմունքներն է։ Ոլորտ, որը ոչ միայն գրավիչ է ուսումնասիրության տեսանկյունից, այլև կարևոր է արդի «զգեստավորված մարմինների սոցիալական աշխարհում»։ 

 

- Ձեր սահմանմամբ, ի՞նչ է բրենդինգը։ Ինչո՞ւ է այն կարևոր։

 

- Կան տարբեր մեկնաբանություններ, սակայն հակիրճ կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ բրենդինգը տարբերակման յուրահատուկ կոդ է։ Որպես զարգացող պետություն՝ ՀՀ-ի համար բրենդավորման խնդիրն առավել արդիական է, քանի որ համեմատած զարգացած երկրների հետ,  նրանց կողքին կա աշխարհին առավելագույնս լավ ներկայանալու, ճիշտ դիրքավորվելու խնդիր:

 

- Տիկի՛ն Շաքարյան, ինչպե՞ս կգնահատեք բրեդինգը մեր երկրում։

 

- Եթե մենք դիտարկում ենք բրենդինգը միկրո մակարդակում՝ երկրի ներսում ապրանքների ու ծառայությունների բերնդավորման տեսանկյունից, ապա վերջին տարիներին մեր երկրում բավականին զարգացում է նկատվում, մասնավորապես վիզուալ բրենդինգի զարգացման տեսանկյունից, քանի որ շուկայում նկատելի են հետաքրքիր դիզայներական լուծումներով արտադրանքներ ու ընկերություններ։ Սակայն հարկ է նշել, որ բրենդ ինքնության ստեղծման, բրենդի կառավարման տեսանկյունից թերևս բավականին աշխատանքներ կան։ Իսկ ինչ վերաբերվում է մակրո մակարդակին, այսինքն` երկրի բրենդի ստեղծման հայեցակարգին, ապա այստեղ բավականին լուրջ անելիքներ կան պետական մակարդակով։

 

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր զբաղվում են բրենդինգով։

 

- Բրենդինգը նորը ստեղծելու յուրահատուկ արվեստ է։ Արվեստ, որը ենթադրում է հետևողականություն ընտրած ռազմավարության առումով և յուրօրինակություն ձևավորած ոճի առումով։ Եվ հետևապես իմ խորհուրդն է ստեղծել ինքնատիպ և բացառիկ ձեռագիր սեփական գործունեությունում։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան հյուրընկալել էր Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի մասնակիցներին:
ՌԴ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑ» ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) ներկայացուցիչների հետ։