06.09.2010 | 
Հասարակություն
«ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԸ» 70 ՏԱՐԵԿԱՆ Է
«ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԸ»  70 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է անվանի մանկավարժ եւ գիտնական Վլադիմիր Հարությունյանի 70-ամյակը:

Ռադիոֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «հավատարիմ համալսարանական» Վլադիմիր Հարությունյանը, ով 1977 թվականից աշխատում է ԵՊՀ-ում, ներկայումս Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների եւ դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի վարիչն է, ինչպես նաեւ կիսահաղորդչային սարքերի եւ նյութերի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավարը: Նա հեղինակ է շուրջ 400 գիտական հոդվածների, պատենտների եւ գրքերի, ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. «Ֆիզիկա» եւ «Armenian Journal of Physics» ամսագրերի գլխավոր խմբագիրն է: Վլ. Հարությունյանի ղեկավարած ամբիոնում եւ լաբորատորիայում կատարվում են համատեղ հետազոտություններ բազմաթիվ արտասահմանյան դրամաշնորհների շրջանակներում:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքերի համաձայն, Վլադիմիր Հարությունյանի անունն ու վաստակը, գիտական ու մանկավարժական ողջ գործունեությունը, քաղաքացու ամբողջ գործունեությունը կապված է նախ եւ առաջ Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հետ, եւ նրա գործունեությունը Համալսարանի պատմության անքակտելի մասն է կազմում: ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ, պարոն Հարությունյանը պարգեւատրվեց Երեւանի պետական համալսարանի նոր ոսկեզօծ մեդալով: Վլադիմիր Հարությունյանին շնորհավորելու էին եկել ինչպես նրա գործընկերներն ու ուսանողները, այնպես էլ նրա դասընկերներն ու համակուրսեցիները: Շնորհավորական խոսքով հանդես եկան ԵՊՀ ռադիոֆիզիկայի դեկան Յուրի Վարդանյանը, ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը:

 

Հոբելյարը շնորհավորական խոսքեր եւ նվերներ ստացավ նաեւ Գիտությունների պետական կոմիտեի, «Synopsys» ընկերության կողմից: Իրենց գործընկերոջը շնորհավորելու էին եկել նաեւ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի աշխատակիցները: Գործընկերներից Վլադիմիր Հարությունյանին շնորհավորելու էր եկել նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ով հոբելյարի գործունեության կարեւորագույն փաստերը ներկայացնելիս կարեւորեց հատկապես այն, որ Վլադիմիր Հարությունյանի կատարած գիտական աշխատանքները` 3 մենագրություններ, մի շարք գրքեր եւ բազմաթիվ հոդվածներ, բարձր գնահատականի են արժանացել արտասահմանյան կենտրոնների եւ գիտական հասարակության կողմից:

 

Իսկ դրա մասին, ինչպես վստահեցրեց Ռադիկ Մարտիրոսյանը, վկայում են նրա մեկ աշխատության 800 հղումները: «Որպես ակադեմիկոս գիտնական եւ պրոֆեսոր` Վլադիմիր Հարությունյանի աշխատանքում հատկապես դրվատելի են նրա միջազգային համագործակցությունները. վերջինս համահեղինակ է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Գերմանիայի եւ Իտալիայի անվանի գիտնական գործընկերների հետ տպագրած շուրջ 70 համատեղ հոդվածների եւ զեկուցումների»,-ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Երկարամյա գործընկերը ներկայացրեց նաեւ Վլադիմիր Հարությունյանին բնորոշ մարդկային այն հատկանիշները` խոր գիտելիքների առկայությունը, ինտուիցիան, աշխատասիրությունը, պատասխանատվության բարձր զգացումը, որոնք նրան վառ անհատականություն են դարձրել: Վերջում Ռադիկ Մարտիրոսյանը մաղթեց հոբելյարին երկար տարիների կյանք, որպեսզի միասին հնարավորություն ունենան նշելու ԵՊՀ 100-ամյակը:

 

Վլադիմիր Հարությունյանին, ով, ԳԱԱ իսկական անդամ լինելուց բացի, նաեւ Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ է, շնորհավորելու էր եկել նաեւ Ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետ, ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանը: Վերջինս ոչ միայն ընթերցեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` Վլադիմիր Հարությունյանին ԿԳ նախարարության ամենաբարձր պարգեւով` ոսկե մեդալով, պարգեւատրելու մասին, այլեւ վերջինիս հանձնեց Ճարտարագիտական ակադեմիայի ոսկե հուշամեդալը: Հատկանշական է նաեւ այն, որ դեռեւս 1999 թվականին Վլադիմիր Հարությունյանը պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, իսկ 2006 թվականին նրան շնորհվել է «Համաշխարհային գիտության մեջ ներդրման համար» մեդալ, նա արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: Բոլոր շնորհավորական խոսքերին ի պատասխան` հոբելյարը, շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, շնորհակալություն հայտնեց նաեւ իր ծնողներին եւ բոլոր նրանց, ովքեր երբեւէ հանդիպել են իր ճանապարհին եւ աջակցել իրեն:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: