14.04.2010 | 
Ուսանողական, Հասարակություն
ԱՇԽԱՏԱՆՔ` ՈՒՍՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ
ԱՇԽԱՏԱՆՔ` ՈՒՍՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ
ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն դառնալու ապահովագրական ընկերության գործակալներ:

ՀՀ ապահովագրական շուկայի առաջատար «Ինգո Արմենիա» ընկերությունը, համագործակցելով ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի հետ, առաջարկում է գործակալական աշխատանք` պարտադիր ապահովագրական վիճակագրերի կնքման եւ առաքման գծով:

 

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործակալական ցանցի ղեկավար Խաչիկ Սահակյանը Մայր բուհի ուսանողներին ներկայացրեց առաջին անգամ Հայաստանում իրականացվող «Ուսանող-գործակալ» ծրագիրը:

 

Ցանկացած ուսանող հնարավորություն է ստանում առանց ժամանակ վատնելու` նվազագույն ջանքեր գործադրելով գումար վաստակել: Առավել ակտիվ ուսանողները կարող են կարճ ժամանակում արձանագրել բարձր ցուցանիշներ եւ ձեւավորել սեփական գործակալական ցանցը` ստանալով հավելավճարներ:

 

«Ինգո Արմենիայի» ներկայացուցիչն ուսանողներին տեղեկացրեց, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ գտնվում է Ազգային ժողովում: Օրենքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության` ավտոմեքենա ունեցող քաղաքացիները պետք է պարտադիր ապահովագրեն իրենց ավտոմեքենաները:

 

Խաչիկ Սահակյանի հավաստմամբ` այսօր մեր հանրապետությունում կա շուրջ 400 հազար ավտոմեքենաներ, որոնց քիչ մասն է ապահովագրված, իսկ ուսանող-գործակալներն ավտոմեքենա ունեցող ծանոթների, ընկերների ու մտերիմների միջոցով կարող են ապահովագրել մեքենաներ` տարեկան սահմանված 40 հազար դրամի չափով եւ դրա դիմաց ստանալ 7% միջնորդավճար: Այսօրվանից սկսած ցանկություն ունեցող բոլոր ուսանողները կարող են գրանցվել Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնում, որից հետո էլեկտրոնային ուսուցման կամ ընկերության համապատասխան աշխատակիցների անհատական հանդիպումների միջոցով ուսանողներին կներկայացվեն հավելյալ մանրամասներ:

 

Արեւելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արեն Գրիգորյանն ասում է, որ պատրաստվում է գրանցվել Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնում: «Սա հիանալի հնարավորություն է ուսմանը զուգահեռ աշխատանք ունենալու, թեպետ սովորում եմ անվճար համակարգում, ուսման վարձ վճարելու խնդիր չունեմ, սակայն ցանկանում եմ աշխատանք ունենալ ուսանողական տարիներից»,- ասում է Արեն Գրիգորյանը:

 

«Այս ծրագիրն ուսանողներին հնարավորություն է տալիս ձեռք բերել աշխատանքային փորձ, կատարած աշխատանքի համար ստանալ համապատասխան վարձատրություն, կարճ ժամկետում դառնալ ղեկավար եւ ինքնուրույն ղեկավարել սեփական աշխատաժամանակն ու եկամուտները»,- ասում է Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը: «Ինգո Արմենիայի» ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենալու Համալսարանի տարբեր ֆակուլտետներում եւ ուսանողներին ներկայացնելու են «Ուսանող-գործակալ» ծրագիրը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: