16.11.2010 | 
Հասարակություն
«ԱՅՍՕՐ ԽՆԴԻՐ Է ՈՉ ԹԵ ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՎԱԾ ԼԻՆԵԼԸ, ԱՅԼ…»
«ԱՅՍՕՐ ԽՆԴԻՐ Է ՈՉ ԹԵ ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՎԱԾ ԼԻՆԵԼԸ, ԱՅԼ…»
Համալսարանականները ԼՂՀ Ազգային ժողովում քննարկեցին որոշ խնդիրներ:

«Որպեսզի Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, պետք է առնվազն ԽՍՀՄ-ը վերականգնվի»,- կարծում է ԼՂՀ ԱԺ նախագահը: Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտում` Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Երեւանի պետական համալսարանի ուսանողները հանդիպեցին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպումը կազմակերպվել էր համալսարանականների` Արցախ կատարած այցի շրջանակներում: Հանդիպման սկզբում պարոն Ղուլյանը զրույցի ձեւաչափի ընտրության հնարավորություն ընձեռեց ուսանողներին: Վերջիններս ԱԺ նախագահին լսելուց հետո որոշեցին անցնել երկխոսության:


Քննարկման հիմնական թեմաներն էին ԼՂՀ-ի արտաքին քաղաքականությունը, տնտեսական վիճակը, հակահայկական քարոզչությունը եւ այլն: «Ադրբեջանն ահռելի գումարներ է ծախսում, որպեսզի Ղարաբաղը դուրս լինի բանակցային գործընթացից: Բացի այդ` Ղարաբաղյան հիմնահարցը խեղաթյուրված է ներկայացվում ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական տեսանկյուններից»,- նշում է Աշոտ Ղուլյանը:

 

Ուսանողների հարցերը վերաբերում էին ինչպես այսօրվա քաղաքական գործընթացներին (ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում), այնպես էլ դրանց դիմակայելու առաջիկա անելիքներին: Պարոն Ղուլյանը փարատեց նաեւ ուսանողների, այսպես ասած, «տարածքները հանձնելու» մտավախությունը: «Չեմ կարծում, որ կա մեկը, ով կմտածի, որ այսքան զրկանքներից հետո Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել անկախից ցածր: Միակ բանը, որ ոչ մի զիջման ենթակա չէ, Ղարաբաղի անկախությունն է»,- հավաստեց ԱԺ նախագահը եւ հավելեց, որ ուսանողների այսօրվա դիրքորոշումից ու պատրաստվածությունից է կախված խնդրի լուծումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ վերջերս Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք եւս մեկ անգամ բացահայտեցին ադրբեջանական պետության մի քանի միֆեր 7 մլն բնակչության, ընտրությունների օրինականության մասին: Իսկ ահա տնտեսության վերաբերյալ ԱԺ նախագահի պատասխաններն ուրախալի էին: Նա տեղեկացրեց, որ օդանավակայանի շահագործումից հետո առաջընթաց կգրանցվի նաեւ տուրիզմի ոլորտում, քանի որ բարեկարգ, բայց ոչ այնքան հաճելի ճանապարհը երբեմն խանգարում է մարդկանց Արցախ գնալուն: Իսկ սեփական հավաքագրվող եկամուտները վերջին տարիներին 1,5 միլիարդից հասել են 12 միլիարդի: Եթե նույն տեմպերով շարունակվի, ԼՂՀ-ն կարող է համարվել տնտեսապես ինքնաբավ:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: