14.09.2010 | 
Հասարակություն
ՊԵՏԵՐ ՊՈՊԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՊԵՏԵՐ ՊՈՊԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Ապագա լրագրողներն այսօր հյուրընկալել էին Լեոնիդ Ենգիբարյանի թոռանը` լեգենդար պապիկի գործը շարունակող Պետեր Պոպերին:

Պայծառ ժպիտով երիտասարդը հայերեն չգիտեր, ռուսերենին էլ դեռեւս լավ չէր տիրապետում: Ամենատարբեր հյուրերի հետ հանդիպումների մեծ փորձ ունեցող Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սա թերեւս այն եզակի դեպքերից էր, երբ հյուրի կարկամած ու ոչ լիարժեք խոսքը ներկաներին ոչ միայն չէր նյարդայնացնում, այլեւ շփումը դարձնում էր ավելի ուրախ ու ջերմ:

 

«Ես Լեոնիդ Ենգիբարովի թոռն եմ»: Սա այն եզակի բառային կառույցներից է, որ Պետեր Պոպերն արտաբերում է հայերենով: «Բարեւ ձեզ», «ո՞նց ես», «ես լավ եմ, դու ո՞նց ես» արտահայտություններն էլ հայերեն չիմացող Պետերին այսօր արդեն հաջողվում է առանց ջանքերի: Հայերենը լավ ուսումնասիրելու մասին երիտասարդը դեռ չի մտածում, ուսումը Եկատերինբուրգում է շարունակելու, ուստի այսօր նախ պետք է ռուսերենը զարգացնել:

 

Իսկ մինչ այդ նրա ռուսերենը «թարգմանել» օգնում է Անահիտ Ղափլանյանը` Ենգիբարյանի եղբոր աղջիկը, ով հյուրընկալում է Պետերին Հայաստանում: Այն, որ ինքը լեգենդար Լեոնիդ Ենգիբարյանի թոռն է, իմացել է միայն 14 տարեկանում, երբ մայրը նրան հանձնել է պապի իրերով եւ նրա մասին պատմող բազմաթիվ հոդվածներով լի ճամպրուկը: Դերասան դառնալու մասին փոքրուց երազող Պետերը հոր մահից հետո ստիպված է լինում այլ մասնագիտության մասին մտածել եւ ընտրում է խեցեգործությունը: Սակայն 2 տարի առաջ, երբ արդեն 24 տարեկան էր եւ ուներ խեցեգործի «վկայական», Մարիա Ռոմանուշկոյի հրավերով մեկնեց Մոսկվա` մասնակցելու Ենգիբարյանին նվիրված երեկոյին, եղավ կրկեսի հետնաբեմում ու որոշեց, որ գտել է իր գործը: «Ես 2-րդ Ենգիբարյան չեմ կարող լինել եւ չեմ էլ ուզում. արվեստում ամեն մեկը պետք է իր ճանապարհն ունենա»,- ասում է Պետերը: Պետերի հետ հանդիպման նախաձեռնողը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսխորհուրդն էր: Հանդիպման մասնակիցները Պետերի հետ զրուցեցին իր զգացողությունների, մնջախաղում իր տեղի ու աշխարհում մնջախաղի դերի մասին:

 

«Հիմա պանտամիման, ինչպես օպերան, բալետը, լայն տարածում չունի: Պատճառը ժամանակն է: Այսօր բոլորը շտապում են, ուզում են ամեն ինչ արագ անել, այնինչ պանտամիմայի դեպքում ժամանակ է հարկավոր, ժամանակ հասկանալու, ընկալելու ու զգալու համար»,- ասում է Պետերը: Հայաստանի մասին խոսելիս Պետեր Պոպերի ժպտերես դեմքն ավելի է պայծառանում: «Ես հիմա գիտեմ, որ ուր էլ գնամ, անպայման կվերադառնամ Հայաստան` գոնե արձակուրդս անցկացնելու: Չգիտեմ, թե ինչն ամենից շատ կկարոտեմ, բայց որ կկարոտեմ, դա հաստատ է»,- ասում է Պետերն ու աղջիկներով լեցուն լսարանի այն հարցին, թե ինչն է հավանել Հայաստանում ամենից շատ, կեսկատակ-կեսլուրջ պատասխանում է` աղջիկներին:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: