24.11.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ
ԵՊՀ ուսանողները դատապարտում են մշակութային ցեղասպանությունը:

Այսօր Երեւանի պետական համալսարանի տասնյակ ուսանողներ երթով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ ապա, միանալով այնտեղ հավաքված տարբեր ուսանողական կառույցների երիտասարդներին, շարժվեցին դեպի Վրաստանի դեսպանատուն: Ուսանողները վրաց իշխանություններից եւ վրաց եկեղեցուց պահանջում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմին շնորհել իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները եւ հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները:

 

Դեղագործական բաժնի 1-ին կուրսի ուսանղուհի Սիրանուշ Ղարսլյանը վիրահայ է եւ պատմում է, թե ինչպես են իրենց աչքի առջեւ ավիրվում հայկական հոգեւոր արժեքները: Ուսանողուհու կարծիքով, պետք է բոլոր երիտասարդները համախմբվեն եւ միասնաբար պայքարեն մշակութային եղեռնի դեմ: Ցուցարար երիտասարդների շարքերում էին նաեւ Արարատյան հայրապետական թեմի մի շարք հոգեւորականներ:

 

«Հայ առաքելական եկեղեցին մեր հոգեւոր հայրենիքն է, մեր տունն է, մենք կոչված ենք պաշտպանելու մեր ազգային շահերը: Այս ակցիայով սթափության կոչ ենք անում վրաց իշխանություններին ու վրաց եկեղեցուն մեր հոգեւոր հայրենիքի տաճարները կառուցելու եւ մեզ վերադարձնելու»,- ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նորայր Բեյլերյանն էլ ողջունեց ուսանողների այս նախաձեռնությունը եւ ասաց, որ օրենսդրության սահմաններում պետք է պայքարել ազգային իրավունքների ու շահերի համար:

 

«Վերադարձրեք մեզ մեր եկեղեցիները», «Ո´չ մշակութային ցեղասպանությանը», «Մի±թե դուք քրիստոնեա չեք» կարգախոսներ վանկարկելով` Վրաստանի դեսպանատան բակում հավաքված երիտասարդները պահանջում էին, որ դեսպանը հանդիպի իրենց հետ: Դեսպանն այդպես էլ դուրս չեկավ, փոխարենն ընդունեց մի քանի ուսանողական խորհուրդների նախագահների, ովքեր էլ ուղերձը հանձնեցին նրան: Ուսանողներից մի քանիսն էլ ուղերձը հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակ:

 

Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը ՈՒԽ ղեկավարներին հավաստիացրել է, որ նամակը կփոխանցի Վրաստանի բարձրագույն ղեկավարությանը: Նա նշել է նաեւ, որ Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզման վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության հետ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ տարվա սկզբին համատեղ ուժերով հայկական եկեղեցին կվերականգնեն: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանն էլ ասաց, որ լինելու են հետեւողական, դրական պատասխան չստանալու դեպքում նմանօրինակ ակցիաները շարունակելու են:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ՆՇՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Միջազգային համագործակցության վարչության հետ «PRO EXTOUR» նախագծի շրջանակում կազմակերպել էր կոնֆերանս-քննարկում «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» խորագրով: