07.10.2010 | 
Հասարակություն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ  ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ
ԵՊՀ-ում կգործի «Հայաստանում մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը:

Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Երևանի պետական համալսարանի միջեւ տեղի ունեցավ ծրագրի պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Հայաստանում դիվանագիտական կորպուսների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ: Երեւանի պետական համալսարանն իր գործընկերներ Տարաս Շեւչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարանի, Բելառուսի պետական համալսարանի եւ Մոլդովայի եվրոպական քաղաքագիտական եւ տնտեսագիտական ուսումնասիրությունների համալսարանի հետ համատեղ շահել է Եվրոպական միության կողմից հայտարարված դրամանաշնորհային ծրագիրը: Արդյունքում, 2010թ-ի սեպտեմբերի 1-ից մեկնարկեց տարածաշրջանում նախադեպը չունեցող «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը:

 

«Ժողովրդավարացման եւ մարդու իրավունքների ոլորտում Համալսարանի, ինչու չէ` նաեւ մեր երկրի փորձը մեծ չէ, եւ մենք դեռ շատ բան ունենք սովորելու: Սակայն գոհունակությամբ պետք է նշել, որ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, շնորհիվ իր բավականին եռանդուն գործունեության, վերը նշված բնագավառներում այսօր Հայաստանում նկատելի եւ հայտնի կենտրոն է »,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նաեւ հույս հայտնեց, որ մագիստրոսական այս ծրագիրը կդառնա շարունակական անգամ ֆինանսավորման ավարտից հետո: Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական գործիքի (EIDHR) կողմից ֆինանսավորվող ողջ ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Մոլդովայում: Ծրագրի հիմնական նպատակներն են` մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում մասնագիտացող մագիստրոսական կրթության միջոցով հասնել տարածաշրջանային ինտեգրման, խթանել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, լավ կառավարումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը վերոնշյալ երկրներում:

 

«Շատ հաճելի է գտնվել այստեղ եւ վայելել կենտրոնի եւս մեկ հաջողությունը, որը հնարավոր է դարձել մի խումբ ԵՊՀ դասախոսների շնորհիվ: Սա շատ ակտիվ կենտրոն է եւ շատ ակտիվ մարդկանց խումբ»,- ընդգծեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը` խոսելով ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մասին: Ծրագրի մեկնարկի առթիվ հնչած շնորհավորանքներին միացավ նաեւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը: «Մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը առաջին հերթին մշակույթ է, ներքին արժեհամակարգ եւ նոր միայն օրենքներ»,- ընդգծեց Արմեն Հարությունյանը` ուրախություն հայտնելով հատկապես այն բանի համար, որ Հայաստանը կրթական այս բնագավառում տարածաշրջանային առաջատարի դեր է ստանձնելու: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն եւ «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար Արթուր Ղազինյանն էլ նշեց, որ երբ երեք տարի եւ մի քանի ամիսներ առաջ այս նույն սրահում տեղի ունեցավ կենտրոնի հանդիսավոր բացումը, մի փոքր մտահոգություն կար` կկարողանան արդյո՞ք իրականացնել ծրագրի հեղինակների կողմից կենտրոնի առջեւ դրված խնդիրներն ու նպատակները:

 

«Այս ծրագիրն այսօր վկայությունն է այն բանի, որ կենտրոնը կարողացել է գոնե մասնակի կատարել իր առջեւ դրված խնդիրները: Հայաստանում ԵՄ պատվիրակության գործուն աջակցությամբ կենտրոնը կարողացավ իր ուրույն տեղը գրավել Հայաստան-Եվրոպական միություն գիտական, կրթական, հետազոտական ծրագրերի իրականացման ոլորտում»,- նշեց Արթուր Ղազինյանը: Նշենք նաեւ, որ երկու տարի տեւողությամբ մագիստրոսական այս ծրագրով նախատեսվում են ուսանողների եւ դասախոսների փոխանակում, ուսուցողական այցեր ԵՄ ինստիտուտներ, վերապատրաստում ծրագրին մասնակից երկրներում:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: