06.05.2021 | 
Հասարակություն
ՆՈՐԱԲԱՑ ԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՄԻՋԱՎԱՅՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՐԹՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՆՈՐԱԲԱՑ ԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՄԻՋԱՎԱՅՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՐԹՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Հեռուստաստուդիայի և համակարգչային լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Լսարանների բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ֆակուլտետի ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Արեգ Գևորգյանը, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

 

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

 

Վերջինս տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Արեգ Գևորգյանն առաջարկել է կահավորել մի լսարան համատեղ ծրագրերի իրականացման և զարգացման համար. «Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո մեկնարկելու է «Թվային հաղորդակցություն» եռակողմ մագիստրոսական ծրագիրը՝ ներառելով Ժուռնալիստիկայի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների ու «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի» կողմից ներկայացված փորձնական (պիլոտային) ծրագիրը, որի տևողությունը մեկ տարի է լինելու»:

 

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, շնորհավորելով ֆակուլտետի դեկանին նոր ձեռքբերման համար, նշեց, որ համալսարանի համագործակցությունը տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ վերջին ժամանակներում նոր թափ է ստացել. «Այս համագործակցությունը ոչ միայն փոխշահավետ է, այլև նպաստում է տարածքի արդյունավետ օգտագործմանը, ինչն ուսանողներին հնարավորություն է տալիս, ուսումնական միջավայրից զատ, շփվելու նաև ապագա գործատուների հետ, ձեռք բերելու նոր հմտություններ և գիտելիքներ»:

Շնորհավորելով նախաձեռնությունը կյանքի կոչելու առթիվ՝ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Արեգ Գևորգյանը նշեց, որ գաղափարի իրագործմանը մեծապես նպաստել է իր՝ համալսարանական լինելը:

 

 

«Բոլորիս նպատակը մեկն է՝ ստեղծել հարմարավետ միջավայր ուսանողների արդյունավետ կրթման և զարգացման համար. այս հարցում մեր և ԵՊՀ-ի «շահերը» համընկնում են»,- ասաց կենտրոնի տնօրենն ու հավելեց, որ համագործակցությունն ու նոր ծրագրերի մշակումը շարունակական բնույթ են կրելու:

 

Համակարգչային լսարանի բացմանը հաջորդեց Հեռուստաստուդիայի լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

 

 

Նորարար տեխնոլոգիաներով և ժամանակակից դիզայնով վերանորոգված և կահավորված լսարանում ներկաներին ողջունեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

 

Վերջինս հիշատակեց հեռուստաընկերության և ԵՊՀ-ի միջև կնքված ռազմավարական համագործակցության մասին հուշագիրը, որը համատեղ աշխատելու նոր հնարավորություններ է ընձեռել:

 

«Ես անցնում էի միջանցքներով, դիտում լսարանները և հասկանում, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը նորովի է ներկայանում ուսանողներին: Այս լսարանը ևս կնպաստի ուսանողների գործնական գիտելիքների ավելացմանը: Լրագրողի համար պրակտիկան շատ կարևոր է»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը:

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն էլ հավելեց, որ երկու լսարանների բացումը «կրթություն աշխատանքի միջոցով» կոնցեպտն իրականացնելու լավագույն օրինակն է:

 

Հիշեցնենք, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» և ԵՊՀ-ի միջև կնքված ռազմավարական համագործակցության հուշագրի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր ամենատարբեր ձևաչափերով՝ գիտաժողովներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, սեմինարներ, առցանց հանդիպումներ և այլն: ՀԸ մասնագետները ներգրավվելու են նաև դասավանդման և գիտական աշխատանքների վերլուծության գործընթացներում: 

 

Միջոցառման ավարտին ներկաներն «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Արեգ Գևորգյանի հրավերով շրջայց կատարեցին կենտրոնում և ծանոթացան աշխատանքներին:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանն իր գիտական ղեկավարի հետ մասնակցել է որակավորման բարձրացման սեմինարի և դրա շրջանակում տեղի ունեցած մրցույթին զբաղեցրել առաջին հորիզոնականը: