30.09.2010 | 
Հասարակություն
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
Ոսկե մեդալներ նվաճած հայ ծանրորդներին երեկ հյուրընկալել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:

Աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի եւ փոքր ոսկի նվաճած Արա Խաչատրյանի հետ հանդիպումը կազմակերպվել էր մարզական ժուռնալիստիկա դասընթացի շրջանակներում: Իսկ նախաձեռնողը դասախոս Կարեն Գիլոյանն էր: Չնայած մարզիկները նախանշված ժամից բավականին ուշացումով ժամանեցին, բայց դրանից ընդունելության ջերմությունը չնվազեց: Ուսանողներն այնքան հարցեր ունեին, որ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի ողջույնի խոսքից անմիջապես հետո անցան հարց ու պատասխանին: «Մինչեւ մրցումների սկսվելը մտածում եմ, որ իմ հաղթանակին շատ մարդիկ են սպասում` իմ ընտանիքը, ընկերները, հայ ժողովուրդը, եւ հասկանում եմ դրա լրջությունը: Իսկ մրցումների ընթացքում ընդհանրապես ոչնչի մասին չեմ մտածում. միայն ես եմ ու ծանրաձողը»,- ասում է Տիգրանը եւ այնուամենայնիվ խոստովանում, որ լսել է երկրպագուներից մեկը «կոչը»` «Տիգրան ջան, մի ձեռքով բարձրացրու»: Չնայած մեր մարզիկներն առաջնորդվում են այն սկզբունքով, որ սպորտում բոլորը հավասար են, սակայն այն հանգամանքը, որ մրցաշարը Թուրքիայում էր ընթանում, պատասխանատվությունն ավելի էր մեծացնում:

 

«Մենք էլ ենք հայ, ու մենք էլ ունենք այդ զգացողությունները: Այնտեղ ոչ մի ճնշվածություն չենք զգացել»,- ասում է Տիգրանը: Ապագա լրագրողները, բնականաբար, չէին կարող շրջանցել Արայի վնասվածքի թեման, այն էլ այն դեպքում, որ Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ էլ ոտքն էր վնասել: Արան պատրաստվում է մեկնել Մոսկվա` բուժման, եւ հավաստիացնում է, որ 2-3 ամիս հետո կսկսի մարզումները: Իսկ ուսանողներն այդ լուրն ընդունեցին բուռն ծափահարություններով: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների` մարզիկներին ուղղված հարցերը տարբեր ոլորտներից էին` մարզումներ, մրցանակներ, մրցակիցներ: Չշրջանցեցին նաեւ նրանց անձնական կյանքը: «Դեռ ոչ մեկին չեմ սիրում: Կա մեկը, ում հավանում եմ, բայց ժամանակը ցույց կտա` ինչ կլինի»,- ասում է Տիգրանը` ի պատասխան ուսանողների հարցին: Իսկ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն էլ կեսկատակ հավելում է, որ ուժեղ սիրահարվածությունը սպորտում խանգարում է: Թող դառնա օլիմպիական չեմպիոն, նոր մտածի դրա մասին: Իսկ Արա Խաչատրյանի դեպքում ուսանողուհիներին «հիասթափեցրեց» ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը` տեղեկացնելով, որ նա ամուսնացած է եւ երկրորդ զավակին է սպասում: Հանդիպման ավարտից հետո երկար ժամանակ մարզիկները չէին կարողանում հեռանալ, որովհետեւ նրանց էին սպասում լուսանկարվել ցանկացողները եւ ինքնագրեր «պահանջողները»:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: