02.11.2010 | 
Հասարակություն
«TEMPUS»-Ը ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ Է «ԲԱՑԵԼ»
«TEMPUS»-Ը ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ Է «ԲԱՑԵԼ»
ԵՊՀ-ում այսուհետ հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոն է գործելու:

Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Կենտրոնի նպատակն է նպաստել ՀՀ քաղաքացիական, համայնքային եւ պետական ծառայողների վերապատրաստման համակարգերում ՀՀ Կառավարության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից անցկացվող բարեփոխումների իրականացմանը: Այն գործելու է ԵՊՀ 6-րդ մասնաշենքում տեղակայված Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության կազմում: Կենտրոնի տնօրեն է նշանակվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դասախոս Վաչե Քալաշյանը: ԵՊՀ հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոնը Եվրոպական միության ֆինանսավորմամբ հիմնադրվել է «TEMPUS ECESIS» ծրագրի շրջանակում:

 

Ծրագրին մասնակցում են մի քանի համալսարաններ Հայաստանից, ՌԴ-ից, Մոլդովայից եւ Ուկրաինայից: Հայաստանը ծրագրում ներկայացնում են Երեւանի պետական համալսարանը եւ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Կենտրոնի բացման արարողությանը ներկա էր ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը, «TEMPUS» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Գերմանիայի Կոբլենց-Լանդաու համալսարանից «TEMPUS ECESIS» ծրագրի համակարգող Սերգեյ Չեռնիշենկոն և ներկայացուցիչներ ծրագրին մասնակից մյուս երկրներում ստեղծված վերապատրաստման համանման կենտրոններից: «Կենտրոնը ռազմավարական լուրջ նշանակություն կարող է ունենալ ոլորտում իրականացվող բարեփոխումների համար: Ես առանձնակի շնորհակալ եմ «TEMPUS» ծրագրին, որովհետեւ չնայած ֆինանսավորումն իրականացնում է Եվրամիությունը, սակայն այս գործընթացների գաղափարական մասն ապահովել են մասնակից համալսարաններն ու «TEMPUS»-ի գրասենյակը: Ծրագրի իրականացման համար խիստ կարեւոր են ներդրված ցանկությունը, փորձն ու հմտությունները»,- իր ողջույնի խոսքում նշեց Ռաուլ դե Լուցենբերգերը:

 

Ծրագրային միջոցառումների շրջանակներում վարչական աշխատակիցների 10-հոգանոց հայաստանյան մեկնարկային խումբը հաջողությամբ վերապատրաստվել է ԵՄ-ի գործընկեր համալսարաններում, որից հետո հաղորդակից է եղել Կոբլենցի, Վալլադոլիդի, Լյուբլինի և Կոզիցեի համալսարանների վարչարարական փորձին` ձեռք բերելով վարչարարական գործընթացի ապահովման և քաղաքացիների հետ հաղորդակցության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառության փորձառություն: Բացման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի, ՌԴ-ի, Մոլդովայի եւ Ուկրաինայի` ծրագրին մասնակցող համալսարաններում ստեղծված հանրային ծառայողների վերապատրաստման կենտրոնների ներկայացուցիչները անցկացրին աշխատանքային սեմինար: Հ. Գ.: Սեմինարում քննարկված խնդիրների եւ նորաստեղծ կենտրոնի նպատակների մասին տեղեկատվություն կներկայացնենք «Երեւանի համալսարան» թերթի հերթական համարում:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: