10.03.2017 | 
Հասարակություն
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԲԱՆԿՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԲԱՆԿՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ «Հովհաննես Ադամյան» սրահում տեղի ունեցավ հանդիպում «Ինեկոբանկ»-ի ներկայացուցիչների հետ:

Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Ինեկոբանկ»-ի համագործակցության արդյունքում: Նպատակն է բանկում ներգրավել վճռական, նպատակասլաց, նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդների:

 

Ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 60 ուսանողներ և շրջանավարտներ: Հիմնական թիրախային խումբը բակալավրիատի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողներն են:

 

«Նախաձեռնությունը երիտասարդներին հնարավորություն է տալիս ծանոթանալու «Ինեկոբանկ»-ում իրենց կարիերայի կառուցման մոտեցումներին, այսինքն՝ թե ինչպես կարելի է աշխատանքի ընդունվել այնտեղ, ինչ թափուր աշխատատեղեր կան, որոնք են աշխատակիցներին առաջադրվող պահանջները»,- մեզ հետ զրույցում նշեց Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակցուհի Արծվիկ Սարգսյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնակիցների կարծիքները աշխատանքի և գործատուների կողմից ներկայացվող չափանիշների վերաբերյալ. մեկի համար առաջնայինը խստությունն է, մյուսը նախընտրում է ընկերական միջավայրը: Բանկի ներկայացուցիչները վստահեցնում են, որ իրենց թիմում ջերմ մթնոլորտ է, ղեկավարությունը փորձում է բացահայտել յուրաքանչյուրի հնարավորությունները:

 

«Նախագծի շրջանակներում ուսանողներին գործնական գիտելիքներ ձեռք բերելու, ինքնադրսևորվելու, զարգանալու հնարավորություններ կընձեռվեն: Մենք փորձելու ենք գնահատել մասնակիցների անձնային որակական հատկանիշները, աշխարհայացքը, ձգտումները, ինչպես նաև համապատասխանությունը թափուր աշխատատեղերին»,- ասաց «Ինեկոբանկ»-ի անձնակազմի հավաքագրման և ընտրության բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Դավթյանը:

 

Ինքնակենսագրականների հիման վրա մասնակիցների մի մասը կանցնի թեստավորում, որը ներառում է ֆինանսական և տրամաբանական հարցեր: Այս փուլը հաղթահարածները կհրավիրվեն հարցազրույցի, լավագույններն էլ աշխատանքի կանցնեն «Ինեկոբանկ»-ում: Թափուր աշխատատեղերի թվում ինչպես հաճախորդի հետ անմիջական շփում պարունակող, այնպես էլ չպարունակող հաստիքներ են: Նշենք նաև, որ մասնակիցները աշխատանքի ընդունվելու հնարավորություն կունենան և՛Երևանի, և՛ ՀՀ մարզերի մասնաճյուղերում:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ազդարարելով համագործակցության նոր սկզբի մասին:
«ԼՍԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԻՍԿ ԴՐԱ ՀԻՄՔՈՒՄ՝ ԳԻՏԵԼԻՔ». ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Հարությունյանի հետ զրուցել ենք մասնագիտական ու մանկավարժական գործունեության, ընտանիքի կայունության վրա ազդող գործոնների, արժեհամակարգային փոփոխությունների, ինչպես նաև որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ու անմահացած, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Պողոսյանի մասին։