03.12.2010 | 
Կրթություն
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Դարձյալ դատավճիռը կայացվեց Երեւանի պետական համալսարանում:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցկացվեց վարչական դատախաղ: Այս անգամ որոշվեց կազմակերպել վարչական դատավարություն, որովհետեւ մինչեւ հիմա ավելի շատ ուշադրություն էր դարձվում քրեական դատավարությանը: «Հաշվի առնելով այն, որ վարչական արդարադատության դերը գնալով բարձրանում է մարդու իրավունքների պաշտպանության գործում, ընտրեցինք դատախաղի այս տարբերակը»,- պարզաբանում է Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Հակոբյանը: Մինչ այժմ ֆակուլտետը դատախաղեր կազմակերպել է միայն Ռուս-հայկական (Սլավոնական) պետական եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանների ուսանողների հետ: Դատը վարում էր ոչ թե ֆակուլտետի ուսանողներից մեկը, այլ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը: Հրավիրել էին նրան, որպեսզի բացառեին կողմերի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքը: Իբրեւ հայցվոր կողմ` հանդես էին գալիս ԵՊՀ-ի, իսկ իբրեւ պատասխանող կողմ` Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ուսանողները: Այս անգամ դատախաղը նաեւ մրցութային բնույթ էր կրում, քանի որ վերջում դատավորը պետք է ընտրեր երկու թիմերի լավագույն բանախոսներին: Դատական գործը իրական էր եւ վերցված էր Վարչական դատարանի վարույթից: Փոխված էին միայն կազմակերպության եւ գործին մասնակցող անձանց անունները:

 

Ըստ այդմ` Հրազդանում գործող էներգետիկ կազմակերպությունը հայց էր ներկայացրել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի: Գործի մանրամասներին մասնակիցները ծանոթ չեն եղել եւ փաստարկներն ու հակափաստարկները մշակել են ինքնուրույն: Ի վերջո, լսելով եւ ուսումնասիրելով կողմերի բերած փաստարկները` դատարանը որոշեց հայցը բավարարել ամբողջությամբ: Լավագույն բանախոսներ ճանաչվեցին Տիգրան Նաղդալյանը (ԵՊՀ) եւ Արեգ Մալխասյանը (Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան): Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

 

«Այսօր ուսանողները շատ պատրաստված են եւ տիրապետում են այնպիսի գիտելիքների, որոնք ձեռք են բերվում պրակտիկայի ընթացքում: Կարծում եմ` մենք առաջիկայում կունենանք շատ լավ իրավաբաններ: Նույնիսկ գործող որոշ իրավաբաններ դատարանի դահլիճում իրենց այնքան վստահ չեն զգում, որքան այս ուսանողները»,- դատավարության ավարտից հետո իր տպավորությունները կիսեց Ռուզաննա Հակոբյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Երևանի պետական համալսարանը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություն, որի ներկայացրած դասընթացի մոդուլը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի կողմից:
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին: