14.10.2010 | 
Հասարակություն
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՎԱՂԵՄԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՎԱՂԵՄԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
ԵՊՀ-ում հյուրընկալվել էին Վրաստանի ԿԳ նախարարը, Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ռեկտորի պաշտոնակատարը եւ այլ պաշտոնատար անձինք:

Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինին, ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատար Ալեքսանդր Կվիտաշվիլին եւ մյուս հյուրերը Հայաստան են ժամանել` մասնակցելու Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում վրացագիտության ամբիոնի բացմանը: Սակայն Հայաստան ժամանելու նույն օրն իսկ հյուրերը ցանկություն էին հայտնել հանդիպելու ԵՊՀ ռեկտորին եւ համալսարանի ղեկավարությանը: Հանդիպումն անցավ ավելի շատ ոչ պաշտոնական մթնոլորտում, սակայն երկկողմանի հարաբերությունների, համընդհանուր խնդիրների քննարկում, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: «Անչափ ուրախ եմ, որ Հայաստան ժամանելուն պես անմիջապես այցելեցիք Երեւանի պետական համալսարան, մեր կողմից այս հանդիպումն իսկապես սպասված էր: Երբ Վրաստանում էի, դեռ նախորդ ռեկտորի հետ հանդիպման ժամանակ որոշվեց, որ անհրաժեշտ է ամրապնդել կապերը երկու երկրների ուսանողների միջեւ:

 

Մեր երիտասարդները, կարծում եմ, քիչ բան գիտեն միմյանց մասին»,-ասաց Արամ Սիմոնյանը: Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ալեքսանդր Կվիտաշվիլին, ով վերջին անգամ Հայաստանում եղել է 15 տարի առաջ, նշեց, որ որպես ռեկտորի պաշտոնակատար` առաջին անգամն է Հայաստան այցելում. «Շատ կարեւորում եմ, որ մեր երկու համալսարանները, որոնք տարեկիցներ են, արդեն ունեն լավ փոխհարաբերություններ, ինչը, բնականաբար, կշարունակվի նաեւ հետագայում:

 

Գիտեմ, որ երկու համալսարաններն էլ ունեն միեւնույն խնդիրները, ինչպես նաեւ շատ նմանություններ, մասնավորապես` նույնաքանակ ուսանողներ եւ դասախոսներ: Մեր երկու բարեկամ համալսարանները նաեւ համաքայլ են առաջ ընթանում»,-ասաց Ալեքսանդր Կվիտաշվիլին: Վերջինս հավելեց նաեւ, որ հատկապես ԵՊՀ-ի եւ հայաստանյան մյուս բուհերի հետ համատեղ պետք է հաղթահարվեն այդ բոլոր դժվարությունները: Ըստ նրա, երկու համալսարանների կողմից կարեւորվում է, որ այդ բարեկամական հարաբերությունները ոչ միայն համալսարանների, նրանց ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական կազմի միջեւ լինեն, այլեւ երկու առաջատար բուհերի ուսանողների: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ, թե հատկապես որ մասնագիտություններն ու ֆակուլտետներն ավելի շատ պահանջարկ ունեն, եւ որոնք են փակվելու վտանգի առջեւ կանգնած: Հայաստանում լուրջ խնդիր է քիմիկոսների եւ ինժեներների պատրաստումը: Վրաստանի հյուրերը խոստովանեցին, որ իրենց երկրում եւս նույն վիճակն է: Ինչպես Հայաստանում, այնտեղ եւս ամենամեծ պահանջարկ ունեցող ֆակուլտետները իրավագիտության, միջազգային հարաբերությունների եւ տնտեսագիտության ֆակուլտետներն են:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: