04.05.2021 | 
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ու Արդարադատության նախարարության միջև։

Հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ  Քրիստիննե Գրիգորյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը:

Հուշագրի ստորագրման ընթացքում կողմերն անդրադարձան բուհի և նախարարության միջև ստեղծվող փոխգործակցությանը՝ նոտարական թարգմանչի արտոնագրման տրամադրման գործընթացին, որը հնարավորություն է ընձեռում համապատասխան լեզվական քննություն հանձնելուց հետո ստանալու թարգմանչի արտոնագիր:

Քննության բավարար արդյունքների դեպքում արտոնագիրը տրամադրվում  է Արդարադատության նախարարության կողմից, իսկ քննությունների անցկացման գործընթացը վերապահվում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ  Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ կառավարության համար շատ կարևոր է ոլորտում ներգրավված թարգմանիչների  որակավորման գործընթացը, որը պետք է իրականացվի բարձր մակարդակով, որպեսզի ապահովվեն մասնագիտական հմտություններն ու կարողությունները:

«Այս տարիների ընթացքում կառավարությունը որոշակի դժվարություններ է ունեցել ճիշտ և որակյալ մասնագետների ընտրության հարցում, ուստի այժմ մեզ համար շատ կարևոր է ընտրել որակավորում ունեցող մասնագետների»,- ասաց նախարարի տեղակալը:

 

Նա շեշտեց նաև, որ նմանատիպ համագործակցության բացակայությունը Մայր բուհի հետ չօգտագործված ռեսուրս է համարում։

Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ռուզաննա Ղազարյանին ցուցաբերած նախաձեռնության համար. «Այս նախաձեռնությունը տեղի է ունենում մի այնպիսի ճիշտ  ժամանակահատվածում, երբ մենք ինքներս էլ փորձում էինք ելքեր գտնել և ավելի լավ մեխանիզմներ մշակել մասնագետների որակավորման գործընթացում»:

Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց թիմին, հատկապես ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանին, որն ակտիվ մասնակցություն է ունեցել հուշագրի կայացման գործում:

 

ԵՊՀ դեկան Գևորգ Բարսեղյանն էլ ընդգծեց, որ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետն ամեն ինչ անելու է նախաձեռնությունը հավուր պատշաճի իրականացնելու համար:

«Ինչպես ամբիոնը, այնպես էլ ֆակուլտետը կօգտագործեն իրենց վիթխարի ներուժը գործընթացը որակով և թափանցիկ կազմակերպելու համար»,- վստահեցրեց նա:

Պարոն Բարսեղյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի   նախարարության և Մայր բուհի միջև արդյունավետ համագործակցությունը շարունակական բնույթ կրի:

Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը ևս, ողջունելով նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց Արդարադատության նախարարության աշխատակիցներին՝ ի դեմս Քրիստիննե Գրիգորյանի: