07.05.2021 | 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 8-ՐԴ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 8-ՐԴ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8-րդ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:

ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության կողմից ամիսներ շարունակ իրականացվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:

Այս անգամ ապագա դիմորդները մասնագիտական կողմնորոշման համար ընտրել էին Սոցիոլոգիայի ֆակուլտետը, որտեղ նրանց ողջունեց ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը:

 

Ֆակուլտետի կառուցվածքի, գործառույթների,  կրթական ծրագրերի մասին խոսեց Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը:

 

Վերջինս ֆակուլտետի գործունեության մասին պատմող տեսանյութի, հարց-պատասխանի, անմիջական զրույցի ձևաչափով աշակերտներին ներկայացրեց  սոցիոլոգ մասնագիտության կարևորությունն ու արդիականությունը:

 

«Սոցիոլոգիան գիտություն է հասարակության՝ որպես ընդհանուր մի համակարգի գործունեության մասին, համակարգ, որն ունի տարբեր ինստիտուտներ: Սոցիոլոգներն ուսումնասիրում են հասարակական կարծիքը, որպեսզի վերհանեն հասարակության հիմնախնդիրները՝ այդկերպ կանխատեսելով հնարավոր բոլոր ցնցումները»,- նշեց տիկին Մելքոնյանը:

 

 

Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտի համոզմամբ, այն հասարակությունում, որտեղ կա արդյունավետ կառավարություն, որը ծառայեցնում է սոցիոլոգիան հօգուտ կառավարման, այդ հասարակությունում ցնցումներ գրեթե չեն լինում. «Մենք ապրում ենք սթրեսային ցնցումներով լի հասարակությունում, որին անհրաժեշտ են սոցիոլոգներ, որոնց գործն ահռելի ու մեծամասշտաբ է»:

 

Բացի վերոնշյալ մասնագիտացումից՝ Նվարդ Մելքոնյանն անդրադարձավ նաև ֆակուլտետում  դասավանդվող մյուս կրթական ծրագրերին, ֆակուլտետն ավարտած ուսանողների՝ աշխատաշուկայում ունեցած լայն հնարավորություններին և նկատելի վերելքներին:

 

Նշենք, որ միջոցառման ավարտին աշակերտները շրջայց կատարեցին նաև ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում՝ ծանոթանալով 102-ամյա բուհի պատմությանն ու մշակութային ժառանգությանը: