01.10.2010 | 
Հասարակություն
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ» ՍԿԻԶԲ ԱՌԱՆ ԵՊՀ-ԻՑ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ» ՍԿԻԶԲ ԱՌԱՆ ԵՊՀ-ԻՑ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Ֆրանսիական ժամանակակից գրականության օրերը Երեւանում» նախաձեռնության առաջին միջոցառումը:

Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը անցկացվող «Ֆրանսիական ժամանակակից գրականության օրերը Երեւանում» ծրագիրը, որն իրականացվում է Փարիզի գրական արխիվների ինստիտուտի եւ Սորբոնի համալսարանի նախաձեռնությամբ, նպատակ ունի ժամանակակից ֆրանսերենը եւ ֆրանսիական գրականությունը տարածելու ֆրանկոֆոն ուսանողների եւ դասախոսների շրջանում: «Ֆրանսիական ժամանակակից գրականության օրերը» նախաձեռնությունը կազմակերպվում է ամեն տարի, եւ յուրաքանչյուր տարի այն նվիրվում է ֆրանսիացի որեւէ ժամանակակից գրողի:

 

Այս տարի այն առաջին անգամ է անցկացվում Երեւանում «Ալեն Ռոբ Գրիյեն եւ Նոր վեպը.գրվածքի մյութոսը» թեմայով, որը նվիրվում է Ալեն Ռոբ Գրիյե ֆրանսիացի ժամանակակից մեծ գրողին: Նախաձեռնության շրջանակներում ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման էին եկել Ֆրանսիական գրական արխիվների տնօրեն Օլիվիե Կորպեն, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Միշել Ժարրետը, Ժան Ժենեի մեծ մասնագետ Ալբեր Դիշին եւ ժամանակակից հայտնի գրող Գի Սկարպետան, «Լը Մոնդ» թերթի գրաքննադատ, գրող Պատրիկ Քեշիշյանը,ինչպես նաեւ Ալեն Ռոբ Գրիյեի կինը` դերասանուհի եւ ազգությամբ հայ Կատրին Ռոբ Գրիյեն:

 

Վերջինս, ում օրիորդական ազգանունը Ռստակյան է, Հայաստան է այցելում առաջին անգամ: Նա նշեց. «Կարծում եմ` այս միջոցառումը նվիրվեց Ալեն Ռոբ Գրիյեին այն պատճառով, որ ոչ միայն նա մեծ գրող է, այլեւ նրա կինը` այսինքն` ես, ազգությամբ հայ եմ: Ծնողներս ծնվել են Թուրքահայաստանում, տատիկս ծնունդով Ստամբուլից է, բայց ցեղասպանության տարիներին նրանք արտագաղթել են Թբիլիսի, Թեհրան, իսկ հայրս` Ֆրանսիա: Բայց կյանքիս ողջ պատմությունը պատմելը շատ երկար կլինի: Մեր ընտանիքում եղել են հոգեւոր առաջնորդներ, մասնավորապես մեծ հորեղբայրս եղել է առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս»: Ժամանակակից հայտնի գրող Գի Սկարպետան, ով Ալեն Ռոբ Գրիյեի մտերիմներից է, հավաստեց, որ մի շարք հոդվածներ է գրել նրա մասին, որտեղ Ալեն Ռոբ Գրիյեն ներկայացվում է հանրությանը ոչ այնքան հայտնի կողմերով. «Ես իմ հոդվածներում փորձել եմ ներկայացնել ընթերցողին, թե ինչքան տարբեր էր Ալեն Ռոբ Գրիյեն այն տարածված կարծրատիպերից, թե նա սառն է, անմարդկային եւ ձեւապաշտ»,-նշեց Գի Սկարպետան: Միջոցառմանը ներկա ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ շուրջ մեկ տարի է` Հայաստանը ֆրանկոֆոնիայի մշակութային կազմակերպության դիտորդի կարգավիճակից անցել է լիիրավ անդամության: Նա ԵՊՀ ռեկտորի եւ ղեկավարության անունից վստահեցրեց, որ Համալսարանի համար ֆրանսերենի եւ ֆրանսիական մշակույթի տարածումը համարվում է առաջնայնություն: ԵՊՀ -ում ֆրանսիացի հյուրերը ֆրանկոֆոն ուսանողներին եւ դասախոսներին ներկայացրին Ալեն Ռոբ Գրիյեի կյանքը ներկայացնող վավերագրական ֆիլմ:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: