25.11.2009 | 
Հասարակություն, Մշակույթ
«ԻՄ ՔԱՆԴԱԿՆԵՐՆ ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ»
«ԻՄ ՔԱՆԴԱԿՆԵՐՆ ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ»
Անվանի քանդակագործ, արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Թոքմաջյանը հանդիպեց ապագա հոգեբաններին:

Հանդիպումը յուրօրինակ դաս էր նաեւ, որի ընթացքում անվանի քանդակագործն ուսանողներին ներկայացրեց իր աշխատանքների ստեղծման պատմությունը, հետաքրքիր դրվագներ իր կյանքից ու ստեղծագործական անցյալից: «Իմ քանդակներն իմ զավակներն են, որոնց ես երբեմն-երբեմն կարոտում եմ»,- այսպես է արտահայտվում իր աշխատանքների մասին Լեւոն Թոքմաջյանը:

 

Լեւոն Թոքմաջյանի քանդակներից շատերը վաղուց արդեն Երեւանի ու երեւանցիների սեփականությունն են: Այդպիսիք են, օրինակ, Մարտիրոս Սարյանի, Կարաբալայի եւ Լեոնիդ Ենգիբարովի արձանները` տեղակայված Երեւանի կենտրոնական փողոցներում: Վերջին երկուսը քանդակագործի մանկության կերպարներն են, ու նրանցից յուրաքանչյուրի հետ մի պատմություն կա կապված:

 

«Կարաբալան հաճախ էր հայրիկիս հետ Աստաֆյանի սրճարաններից մեկում նստում, զրուցում. ես էլ գնում, քաշքշում էի հորս փեշից ու տուն կանչում: Քչերը գիտեն, որ նա սիրահարված է եղել դերասանուհի Արուս Ոսկանյանին` մի չքնաղ կնոջ: Ասում են` երբ Արուսին մի թուրք երիտասարդ էր սիրահետում, Կարաբալան նկատում է ու սպանում նրան: Եվ երբ նրան դատապարտում են, հայտնվում է նույն այն խցում, որտեղ Չարենցն էր նստած:

 

Հետո, երբ Կարաբալային ազատ են արձակում, նա հաճախ է բանտում այցելում Չարենցին: Այդ այցելությունների շնորհիվ չարենցյան շատ ձեռագրեր են փրկվել, որոնք Կարաբալան թաքցնում էր իր զամբյուղի մեջ»,- պատմում է Լեւոն Թոքմաջյանը: Մի բանի համար է միայն ափսոսում արվեստագետը, որ չի կարողացել քանդակել Արամ Խաչատրյանի արձանը: Իսկ դա շատ մոտ էր իրականությանը: «Երբ Սարյանի` իմ կերտած արձանը 1984-ին հաղթեց պետական մրցույթում եւ կանգնեցվեց նրա անվան պուրակում, հաջորդ իսկ տարում հայտարարվեց մրցույթ` Արամ Խաչատրյանի արձանի համար:

 

Ես այդ մրցույթում էլ հաղթեցի, բայց պատկան մարմինները որոշեցին, որ նույն հրապարակում չեմ կարող երկու քանդակ ունենալ»,- ցավով է հիշում քանդակագործը: Լեւոն Թոքմաջյանի «Արամ Խաչատրյանը» հասակով մեկ կանգնած է եղել` ձեռքերը վեր պարզած, որ ներկայացնում էր նրա հոգեվիճակը` իբրեւ խմբավարի: Երբ Խաչատրյանի որդին տեսել է էսքիզը, բացականչել է. «Ինչպիսի~ թռիչք, ինչպիսի~ ներշնչանք…»: Լեւոն Թոքմաջյանն այսօր էլ աշխատանքային բուռն փուլում է: Եղեռնի 95-ամյա տարելիցի կապակցությամբ մի քանդակ է պատրաստում, որը կոչվելու է «Տագնապ»: Աշխատանքի կենտրոնական դեմքը Կոմիտասն է, նրան շրջապատում են եւս մեկ տասնյակ նահատակներ, ում դեմքերին դրոշմված է Մեծ եղեռնի տագնապը:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: