07.10.2010 | 
Հասարակություն
«ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ` ԱՇԽԱՐՀԻ ԽԻՂՃԸ»
«ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ` ԱՇԽԱՐՀԻ ԽԻՂՃԸ»
Նույնիսկ տասնյակ տարիներ անց նրան չեն մոռանում: ԵՊՀ-ում հիշում էին Ֆրիտյոֆ Նանսենին:

Հայտնի բեւեռախույզ, գիտնական, Խաղաղության նոբելյան դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենին նվիրած ցերեկույթը կազմակերպել էր «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Ներկայացվեցին մեծ հայասերի կյանքը, գործունեությունը, հատկապես հայերի նկատմամբ նրա մարդասիրությունը` հիշատակելով Նանսենյան անձնագիրը, որը աշխարհասփյուռ հայերի համար «գոյության» ժամանակավոր վկայական էր: Ցուցադրվեց նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պատրաստված «Ֆրիտյոֆ Նանսեն` աշխարհի խիղճը» ֆիլմից մի հատված: «Շատ լավ է, որ ֆիլմում շեշտը դրված է ոչ միայն նրա հայասիրության, այլեւ ընդհանրապես մարդասիրության վրա: Բայց ո՞րն է հոգեբանական այն գործոնը, որը ստիպել է նրան լինել հումանիստ, օգնել աշխարհի բոլոր ծայրերում օգնության կարիք ունեցողներին: Նա 1882- 1913 թթ. եղել է բեւեռախույզ եւ այդտեղ տեսել է դժվարություններ, ընկերների մահեր, դժբախտ պատահարներ: Եվ հասկանում էր` ինչ են նշանակում ծանր պայմանները»,- ասում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Մալխասյանը:

 

Նշենք, որ այս միջոցառմամբ սկսվեց «Վարդանանք» ակումբի «Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության» ծրագիրը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվելու են միջոցառումներ` նվիրված տարբեր ժամանակներում հայերի կյանքում կարեւոր դեր ունեցած գործիչներին: «Ամեն տարի նորանոր ուսանողներ են գալիս համալսարան, ովքեր ոչ միայն մասնագիտական կրթության կարիք ունեն, այլեւ հոգեւոր դաստիարակության: Միջոցառումը նվիրված էր Նանսենի 149-ամյակին: Լավությունը փոխհատուցելու համար նախ պետք է ճանաչես քո բարերարին: Իսկ Նանսենը 3-4 հարյուր հազար հայերի է օգնել»,- ասում է «Վարդանանք» ակումբի անդամ, միջոցառման կազմակերպիչ Զվարթ Հովսեփյանը: Հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի կազմում են ԿԳ, մշակույթի եւ սփյուռքի նախարարները, ԳԱԱ նախագահը: Մյուս տարի Երեւանում կտեղադրվի Նանսենի մեծադիր արձանը, իսկ Գյումրիում կբացվի նրա թանգարանը: Կշարունակվի նանսենյան մատենաշարի հրատարակումը. ութ աշխատություններ արդեն թարգմանվել են հայերեն եւ տպագրվել: Նանսենի մասին մենագրություններ էլ կհրատարակվեն: Իսկ վերջում պարոն Բախչինյանը Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալ շնորհեց «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանին: Նշենք, որ այդ հուշամեդալին արժանանում են իրենց ոլորտում մեծ ներդրում ունեցած մարդիկ:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: