15.10.2010 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն` ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ
ԵՊՀ-Ն` ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ
«Արփա»-ն հրապարակել է նորարարության մրցույթի այս տարվա հաղթողների անունները:

ԵՊՀ Պալեանների դահլիճում այսօր կայացավ «Արփա» հիմնարկի «Նորարարության մրցույթ 2010»-ի հաղթողների պարգեւատրման եւ մասնակիցներին ու նրանց խորհրդատուներին մրցույթի մասնակցության վկայագրերի հանձնման արարողությունը: «Արփա» հիմնարկը ստեղծվել է Լոս Անջելեսում 1992 թ-ին եւ որպես խորհրդատու` աշխատակցում է Հայաստանի տարբեր նախարարությունների եւ գիտական հաստատությունների հետ: Այժմ ինստիտուտի աշխատանքները կենտրոնացված են կրթության եւ առողջապահության բնագավառների վրա: Արդեն 4-րդ տարին է` «Արփա»-ն կազմակերպում եւ անցկացնում է ամենամյա «Նորարարության մրցույթ», որին մասնակցելու միակ նախապայմանը հայաստանյան բուհի ուսանող լինելն է: Մասնակիցները մրցույթին կարող են ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ խմբակային աշխատանքներ: Մասնակից ուսանողները կարող են ունենալ նաեւ ոչ ուսանող խորհրդատուներ (ղեկավար):

 

Մասնակիցների քանակի կամ նորարարության բնագավառի սահմանափակում չկա: Նորարարության հեղինակներին շնորհվում են դրամական պարգեւներ` 400-ից մինչեւ 2000 ԱՄՆ դոլար: «Նորարարության մրցույթի հիմնական նպատակը երիտասարդության շրջանում նորարարության տարածումն ու խրախուսումն է: Դա, թերեւս, մեր հիմնարկի ամենակարեւոր ձեռնարկներից մեկն է: Մենք գիտակցում ենք, որ սովորական ապրանքներով եւ արտադրանքով Հայաստանը երբեք չի կարող մրցել Չինաստանի կամ ԱՄՆ-ի հետ, ուստի մեր երկրի զարգացման հիմնական ուղին նորարարությունը պետք է լինի»,- նշեց «Արփա» հիմնարկի տնօրեն Հակոբ Փանոսյանը: «Արփա»-ի ղեկավարը, սակայն, ցավով արձանագրեց, որ նախորդ տարվա համեմատ 2010-ին մրցույթի մասնակիցների թիվը զգալի նվազել է. նախորդ տարվա մասնակցության 14 հայտի փոխարեն այս տարի գրանցվել է ընդամենը 6 հայտ: Ժյուրիի որոշմամբ, ներկայացված 6 նմուշներից միայն 3-ն են որակվել նորարարություն: 4-րդ կարգի մրցանակ (400 ԱՄՆ դոլար) շնորհվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ուսանող Արսեն Թումանյանին (ղեկավար` Կառլեն Բեգոյան) ավտոմատ լիցքավորման սարքի համար:

 

ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ուսանող Արմենակ Բալյանը (ղեկավար` Բորիս Մամիկոնյան) իր հեղինակած «Ռոբոտ ձեւարար»-ի համար ստացավ 600 ԱՄՆ դոլար մրցանակ (3-րդ կարգ): Այս տարի 1-ին կարգի մրցանակի ոչ ոք չարժանացավ, ուստի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը ներկայացնող Սերոբ Մուրադյանը (ղեկավար` Սամվել Գեւորգյան) դարձավ մրցույթի առաջատարը: Նանոմետրական հաստություններ եւ անհարթություններ չափող սարքի համար Սերոբին շնորհվեցին 2-րդ կարգի մրցանակ եւ 1000 ԱՄՆ դոլար: Սերոբ Մուրադյանի հեղինակած նորարարությունը «ծնվել է» ԵՊՀ գերհաղորդականության եւ գիտական սարքաշինության կենտրոնում: Սերոբը նշում է, որ ներկայացված սարքը կենտրոնում արվող աշխատանքի մի փոքրիկ մասն է միայն: «Երբ երկար հետազոտություններից հետո ցանկալի արդյունք ես ստանում, արդեն իսկ բավարարված ես քեզ զգում: Ուրախալի է, որ աշխատանքդ նաեւ խրախուսվում է, հատկապես երբ դեռ ուսանող ես, ու ստացված նյութական աջակցությունը շատ հարցերում կարող է օգնել, սակայն ամենից կարեւորը, իհարկե, այն է, որ ժյուրին ընդունել է մեր նորարարությունը»,- ասում է Սերոբ Մուրադյանը: Հաջորդ տարվա մրցույթի համար հայտերն ընդունվում են մինչեւ 2011 թվականի փետրվարի 15-ը: Մրցույթի պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.arpainstitute.org կայքէջում:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: