30.04.2021 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները:

Տեղեկացնենք, որ  Գյումրու «Նոր լույս» ՀԿ-ն հիմնադրվել է 2009 թվականին:

 

Կազմակերպության նպատակն է նպաստել դեռահաս աղջիկների կրթմանն ու զարգացմանը,

օգնել նրանց դառնալ ավելի ինքնավստահ, ճանաչել սեփական իրավունքներն ու պարտականությունները:

 

Մեզ հետ զրույցում «Նոր լույս» ՀԿ-ի խմբային հանդիպման պատասխանատու Ալինա  Մարտիրոսյանը նշեց, որ ծրագիրը նախապես նախատեսված է եղել մանկատների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար, սակայն տարեցտարի ծրագիրն ընդլայնվել է՝ ներգրավելով արդեն դեռահաս աղջիկների:

 

«Ծրագիրն իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլն անձի բացահայտման ծրագիրն է, որը կազմակերպվում է հոգեբանական հայտնի թեստերի միջոցով և մենթորների կողմից, երկրորդ փուլում տարբեր հմտություններ ու ունակություններ ունեցող սաներն արդեն ընտրում են մասնագիտություններ, իսկ դրանց նպաստում են ՀՀ տարբեր բուհեր այցելությունները: Արդեն երրորդ փուլում ուսանող դարձած մեր սաներին տրամադրում ենք կրթաթոշակներ և տարբեր ծրագրերի միջոցով պահպանում նրանց հետ հետադարձ կապը»,- նշեց Ալինա Մարտիրոսյանը:

 

Սաներին առաջինը հյուրընկալեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը: Նրանց ողջունեց Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը:

 

Վերջինս ներկայացրեց ամբիոնի գործառույթները, «Սերվիս» մասնագիտության առավելությունները. «Հասարակությունը ծառայությունների կարիք ունի: Ծառայել գործընթացն ունի չորս բաղադրիչ. պատրաստակամություն, շփում, ուղղորդում կամ կոորդինացում և ընկալում: «Սերվիս» մասնագիտության նպատակը վերոնշյալները սերմանելն է, մարդկանց զարգացնելը և մարդային հարաբերությունները կանոնակարգելը»:

 

 

Մասնագիտության ընտրության հարցում Սեյրան Սուվարյանը խորհուրդ տվեց այն ընտրել ոչ թե «զոհ գնալով» առկա կարծրատիպերին կամ մոդայիկ լինելու մոլուցքին, այլ հետևել շուկայի պահանջներին:

 

«Նոր լույս» ՀԿ-ի սաները եղան նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որտեղ  ծանոթացան ֆակուլտետի պատմությանը և գործառույթներին:

 

Նրանց դիմավորեցին ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը և  Հանրային կառավարման ամբիոնի վարիչ Վահագն Ագլյանը:

 

 

Սաներին առանձնապես հետաքրքրեց Հանրային կառավարում ամբիոնի գործառույթները, կրթական ծրագրերը, որոնց էլ մանրամասն անդրադարձավ ամբիոնի վարիչը:

 

Նշենք, որ «Նոր լույս» ՀԿ-ի սաները շրջայց կատարեցին ԵՊՀ սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի ֆակուլտետներում և ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում:

 

 

Շրջայցի ավարտին «Նոր լույս» ՀԿ սաներից Աիդա Մարտիրոսյանը նշեց, որ ԵՊՀ այցելությունը, նախընտրելի ֆակուլտետներում շրջայցը և  ծանոթությունը լավագույն օգնությունն էր ապագա դիմորդների համար:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ԵՊՀ գիտխորհրդի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: