21.10.2010 | 
Հասարակություն
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ
Հայ ուսանողները կարող են կրթությունը շարունակել Միացյալ Թագավորությունում:

Այսօր Հայ-բրիտանական միության ներկայացուցիչները ԵՊՀ ուսանողներին էին ներկայացնում այն կրթական ծրագրերն ու կրթական համակարգը, որոնք գոյություն ունեն Միացյալ Թագավորությունում: Ուսանողների հետ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի աջակցությամբ: Միության կրթական գծով խորհրդատու Սոնա Մարտիրոսյանի խոսքերով` այդ երկիր տարեկան գնում են սովորելու 650-700 հազար արտասահմանյան ուսանողներ: Բուհերի մեծամասնության կողմից տրված դիպլոմները ճանաչում ունեն աշխարհի բոլոր երկրներում: Իմիջիայլոց նշենք, որ թվով մոտ 100 Նոբելյան մրցանակակիրներ սովորել են հենց Միացյալ Թագավորությունում: Սոնա Մարտիրոսյանը հավաքված ուսանողներին մանրամասն ներկայացրեց այնտեղի կրթական համակարգը եւ դրա տարբերությունը մեր երկրի կրթական համակարգից, ուսուցման, կրթական ծրագրերին դիմելու ձեւերը:

 

Չանտեսվեց նաեւ ֆինանսական կողմը: Այնտեղ քիչ համալսարաններ կան, որոնք տրամադրում են կրթաթոշակ: Դրա համար մինչ որեւէ համալսարան ընդունվելը պետք է գտնել մի կազմակերպություն, որը պատրաստ կլինի վճարել ուսման վարձը: Նշենք, որ Միացյալ Թագավորությունում գործում են ուսուցման ե՛ւ առկա, ե՛ւ հեռակա ձեւեր: Տեղի կրթական համակարգի համաձայն` ուսանողները կարող են միաժամանակ ուսումնասիրել երկու մասնագիտություններ, որոնք, սակայն, պետք է իրար շատ մոտ լինեն (օրինակ` ժուռնալիստիկան եւ հանրային կառավարումը կամ տնտեսագիտությունը եւ մարկետինգը): «Մենք փորձում ենք մեր ուսանողների մեջ կուլտուրա ձեւավորել, որ կարիերան սկսվում է ոչ թե 4-րդ կուրսից հետո, այլ առաջին կուրսի առաջին օրվանից: Ուսումնառությունը դրսում նույնպես կարիերայի զարգացման չափորոշիչ է: Այս հանդիպումն էլ այդ ամենի հիմքը դնելու փորձերից մեկն է»,- ասում է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

 

Ինչպես Սոնան է հավաստում, համակարգի տարբերություններն արտահայտվում են նաեւ դիմորդների տարիքի մեջ: Բակալավրիատ կարող են դիմել միայն 21 տարին լրացած անձինք, իսկ մագիստրատուրայում սովորում են 25-35 տարեկան անձինք: Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները: Ինչպես տեղեկացնում է Լիլիթ Հակոբյանը, այսպիսի հանդիպումները շարունակական բնույթ կկրեն, քանի որ թեման կհետաքրքրի նաեւ այլ ֆակուլտետների ուսանողներին: «Ուսանողները պետք է ինֆորմացիա ստանան այսպիսի ծրագրերի մասին, որպեսզի կոտրվի այն կարծրատիպը, որ արտասահման սովորելու գնում են միայն այս կամ այն մարդու ծանոթները: Կարեւորը, որ ուսանողները հետաքրքված լինեն եւ ինֆորմացիա ունենան»,- նշում է Լիլիթը: Ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ գտնելու հնարավորություն է տալիս նաեւ www.educationuk.org կայքը:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: