16.06.2010 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է
ԵՊՀ-Ն ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է
«Որակի ապահովման գործիքներ միջազգայնացման կառավարման համար» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է եվրոպական գործընկեր համալսարաններում անցկացված երկշաբաթյա ուսուցողական դասընթացներին:

Գերմանիայի Օլդենբուրգի, Հոլանդիայի Նիյմեգենի, իսպանական Ալիկանտե եւ Լեհաստանի Տորուն քաղաքի Կոպերնիկոսի անվան համալսարաններում ԱՊՀ երկրների ութ համալսարաններից կազմված կոնսորցիումի անդամները քննարկել են բուհերի միջազգայնացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Հայաստանի Հանրապետությունից Երեւանի պետական համալսարանի ու Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Ռուսաստանի Դաշնությունից Վոլգոգրադի եւ Բելգորոդի պետական համալսարանների, Ուկրաինայի Հանրապետությունից` Կիեւի եւ Զապորոժիեի ազգային համալսարանների, Բելառուսի պետական համալսարանի եւ Բաքվի սլավոնական համալսարանի ներկայացուցիչները եվրոպական բուհերում ներկայացրել են նաեւ իրենց ռազմավարությունները` միջազգայնացման ուղղությամբ: Ալեքսանդր Գրիգորյանը կարծում է, որ այս առումով որոշ գործընկեր համալսարանների փորձը ուսանելի էր նաեւ մասնակից համալսարանների համար:

ԵՊՀ պրոռեկտորը եվրոպական բուհերում ներկայացրել է Երեւանի պետական համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերն ու այդ ուղղությամբ ԵՊՀ-ում ձեռնարկվող քայլերը: Դասընթացների ժամանակ եվրոպացի փորձագետները մասնակիցներին ներկայացրել են միջազգային ծրագրերի կառավարման մանրամասները, տարբեր երկրների ուսանողների փոխանակման ծրագրերը, բուհերում միջազգային ենթակառուցվածքներ ձեւավորելու եւ միջազգային դրամաշնորհային ծրագրեր կազմելու առանձնահատկությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել օտար լեզուների ուսուցման հարցերին: Ալեքսանդր Գրիգորյանն ասում է, որ այդ ուղղությամբ ԵՊՀ-ում ձեռնարկվում են մի շարք քայլեր, համալսարանում անցկացվում են օտար լեզուների ուսուցման դասընթացներ:

 

ԵՊՀ պրոռեկտորի կարծիքով, այդ դասընթացները պետք է իրականացվեն մասնագիտական ուղղվածություններով, քանի որ ուսանողների եւ դասախոսների համար նախատեսված փոխանակման ծրագրերը պահանջում են լեզուների իմացություն: Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է անցկացնել ինքնավերլուծություն` պարզելու, թե միջազգայնացման ուղղությամբ վիճակն ինչպիսին է: Այնուհետեւ արտաքին փորձագետները գնահատելու են բուհի վիճակը, որից հետո եվրոպական բուհերը ցույց են տալիս իրենց մեթոդական աջակցությունը, որը ուսումնասիրելուց հետո բուհերում կատարվում են որոշակի քայլեր, իսկ ծրագրի վերջում դրանք կրկին գնահատվում են արտաքին փորձագետների կողմից: Պարոն Գրիգորյանի գնահատմամբ, բուհի միջազգայնացման գործընթացում Երեւանի պետական համալսարանն իր իրականացված ծրագրերով ու նախաձեռնություններով առաջատար դիրքերում է: ԵՊՀ պատվիրակության անդամները, վերադառնալով եվրոպական բուհերից, ԵՊՀ ռեկտորին ներկայացրել են այցի մանրամասները եւ քննարկել միջազգային ծրագրերին վերաբերող հարցեր:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: