10.02.2010 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ
Հանրային խորհրդի անդամները մտահոգված են հեռուստաեթերի թերություններով:

Հանրային խորհրդի մի խումբ անդամներ Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ քննարկեցին հեռուստաեթերում առկա խնդիրները: Հանրային խորհուրդը ձեւավորման օրվանից իր առջեւ խնդիր է դրել ուսումնասիրել հեռուստաեթերի բովանդակային հիմնահարցերը ու համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

 

Ուսումնասիրման փուլն ավարտելուց հետո նախաձեռնող խումբն այն ներկայացրել է ՀՀ նախագահի ուշադրությանը` ի նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ երկրի ղեկավարը տարեվերջին լրատվամիջոցների ղեկավարներին զգուշացրել է եթեր հեռարձակվող ցածրորակ հաղորդաշարերի որակը բարելավելու մասին: Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն ասում է, որ վերջին շրջանում խնդիրն ավելի հրատապ բնույթ է ստացել. հավանաբար այն պայմանավորված է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մշակած չափորոշիչներով, որոնցում, Հովիկ Մուսայելյանի դիտարկմամբ, կան որոշ վիճելի կետեր:

 

Այսպիսով, Հանրային խորհրդի անդամները հանրակրթական դպրոցներում ու բուհերում մոնիթորինգ են անցկացրել եւ արձանագրել, որ իսկապես խնդիրն օրհասական է ու հրատապ լուծում պահանջող: Բանախոսները փաստում են, որ ցածրաճաշակ ու անբարո մանրապատումների միջոցով ձեւավորվում է նոր մշակույթ, եւ այն մասսայական բնույթ է կրում:

 

Եթերից հնչող ժարգոնային բառերն ու արտահայտությունները տեղափոխվել են առօրյա կյանք, եւ այն հիմնականում օգտագործում են դպրոցահասակ երեխաները, ովքեր ավելի քիչ հնարավորություն ունեն այլ լեզուներով հաղորդումներ դիտելու: Հանրային խորհրդի անդամներն ասում են, որ եթերը բացասական ազդեցություն է ունենում նաեւ ժամկետային զինծառայողների վրա: Զինվորները հիմնականում դիտում են հայաստանյան հեռուստաալիքները, իսկ այս հաճախականություններով ցուցադրվող հաղորդումներով պարբերաբար ծաղրվում են զինվորական կանոնադրային փոխհարաբերությունները: Խնդիրը հրատապ է նաեւ սփյուռքում, արբանյակային հաճախականությամբ հայրենի եզերքի անորակ հաղորդումները դիտելուց հետո Հանրային խորհուրդը բազում հեռախոսազանգեր ու էլեկտրոնային նամակներ է ստանում սփյուռքահայերից:

 

«Ազատ արտահայտվելու իրավունքի մասին խոսելուց առաջ պետք է մտածել հեռուստադիտողների իրավունքների մասին»,- նկատեց Հովիկ Մուսայելյանը: Խոսրով Հարությունյանն էլ եւս մեկ անգամ մատնանշեց, որ խնդիրը հասարակական հնչեղություն է ստացել, եւ պետք է գտնել լուծման ուղիներ լրատվամիջոցների հետ համագործակցելով, ոչ թե ստիպելու կամ պարտադրելու մեխանիզմով:

 

Դիմելով հեռուստաընկերությունների ղեկավարներին` Հանրային խորհրդի անդամները կոչ են անում անցնել ինքնամաքրման ճանապարհ եւ մրցակցություն ապահովել որակյալ հաղորդաշարերով ու առողջ բանավեճեր ծավալելով: Բուռն քննարկման ընթացքում հնչած հակասական կարծիքներից բացի, մասնակիցներն ու բանախոսները համակարծիք էին մեկ հարցում` հեռուստաեթերից վերացնել ամենաթողությունը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: