09.12.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ «ՈՉ» ԱՍԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ
ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ «ՈՉ» ԱՍԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ը հռչակել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:

Բուհական կրթական համակարգում կա երկու մոտեցում. մի դեպքում` շեշտը դրվում է հիմնարար գիտելիքի, մյուսում՝ առավելապես գործնական հմտությունների վրա։ Գործնական հմտություններով օժտված շրջանավարտը շատ արագ է հարմարվում արտադրության պահանջներին, հիմնարար գիտելիք ունեցողին դա փոքր-ինչ դանդաղ է հաջողվում, բայց վերջինս ավելի ճկուն է: Սակայն շատ հաճախ նշված երկու հմտություններն էլ ունեցող շրջանավարտն աշխատաշուկայում իր հիմնական տեղը չի գտնում`լինելով անպաշտպան եւ բախվելով կոռուպցիոն մի շարք ռիսկերի:

 

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնն իր գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնք նպաստել են ԵՊՀ շրջանավարտների առավել ապահով զգալուն հայաստանյան աշխատաշուկայում: Տարիների ընթացքում կենտրոնին հաջողվել է ընդլայնել իր գործունեության շրջանակը` ներառելով նոր ոլորտներ, համագործակցություն հաստատելով նոր կազմակերպությունների հետ, այդ թվում` պետական հատվածից:

 

Կարիերայի կենտրոնի հետ համագործակցող համալսարանական ուսանողները կենտրոնի նախաձեռնությամբ մասնակցում են մի շարք կլոր սեղանների, սեմինարների, քննարկումների, ինչը հիմք է հանդիսանում կենտրոնի առավել արդյունավետ գործունեության կազմակերպման համար: Կենտրոնի նմանատիպ ձեռքբերումների շարքից կարելի է առանձնացնել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից երրորդ տարին անընդմեջ անցկացվող ինտերնշիպի ձեւաչափով ծրագրերը հայկական տարբեր բուհերի բակալավրի երրորդ եւ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համար: 2009 թ-ի հունիս-օգոստոս ամիսներին այս ծրագրի շրջանակներում բանկում աշխատել է 10 ուսանող, որոնցից երեքը` ԵՊՀ-ից:

 

Արդյունքում` երկու համալսարանական անցան աշխատանքի Հայաստանի առաջատար բանկերից մեկում: Նմանատիպ ծրագիր է անցկացրել նաեւ «Beeline» բջջային օպերատորը: Ծրագիրը կոչվում է «Երրորդ սերունդ»: Այդ ծրագրի շրջանակում եւս մասնակցել են միայն բակալավրի երրորդ եւ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ: Կենտրոնի ձեռքբերումներից էր նաեւ «Ինտերնշիպ» փորձնական (պիլոտային) ծրագրի ներկայացուցիչների հետ գործնական կապերի հաստատումն ու ամրապնդումը, որն ավելի է խթանում կենտրոնի նպատակաուղղված գործունեությունը: «Ինտերնշիպ» փորձնական ծրագրի արդյունքում ԵՊՀ շրջանավարտները եւ ուսանողները հնարավորություն ստացան աշխատանքային փորձ ձեռք բերելու տարաբնույթ կազմակերպություններում: «Նմանաբնույթ դասընթացները, ծրագրերը մեծ հնարավորություն են տալիս ուսանողներին` կողմնորոշվելու հայաստանյան աշխատաշուկայում, ապահովված լինելու, որ աշխատանք գտնելու համար այդքան էլ կարեւոր չէ կաշառք տալը, եթե ուսանողն ընդունակ է իր գիտելիքների ու ճկունության շնորհիվ ներկայացնել իրեն: Երբ մեր կենտրոնը կարողանում է անգամ մեկ ուսանողի կամ շրջանավարտի աշխատանքի, զբաղվածության խնդիր լուծել, նշանակում է մենք աննշան, բայց կարեւոր քայլ ենք կատարել` զերծ պահելով նրանց նմանատիպ կեղտոտ հարաբերությունների մեջ մտնելուց»,- ասում է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:

 

Իսկ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Արմեն Եսայանցը վստահեցնում է, որ իրենք հետեւողական են հատկապես շրջանավարտ-գործատու կապն անաչառ ապահովելու գործում, որն էլ իր հերթին առաջ է բերում Կենտրոնի հանդեպ վստահության ձեւավորմանը: «Այսօր մեզ համար կարեւոր է հասարակության մեջ, հատկապես ուսանողության շրջանում, կոտրել այն կարծրատիպը, որ յուրաքանչյուր հարաբերության մեջ որոշիչ դեր ունեն միջնորդը, ծանոթը, փողը:

 

Օրինակ, վերջերս մեր Կենտրոնը Ծաղկաձորում կազմակերպել էր երկօրյա սեմինար-պարապմունք, որտեղ խոսվեցին նաեւ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի եւ ՄԱԿ-ի կամավորական ծրագրերի մասին: Քննարկմանն անձամբ ներկա Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ով ուսանողներին տեղեկացրեց, որ պետական համակարգն այսօր այդքան էլ թափանցիկ չէ, կոռուպցիայի տարրերն այստեղ եւս առկա են, բայց քաղծառայության ոլորտը կարիք ունի բանիմաց, ազատ, անկաշկանդ մարդկանց»,- վստահեցնում է Արմեն Եսայանցը: Այսօր էլ կենտրոնը շարունակում է իր համագործակցությունը նախկին գործընկերների հետ` ընդլայնելով իր գործընկերության շրջանակը, որն էլ նպաստում է բազմաթիվ համալսարանականների մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների կարգավորմանը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: