23.04.2021 | 
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում:

Շրջայցի ընթացքում ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու ընկերության ծավալած գործունեությանը և այս ընթացքում գրանցած ձեռքբերումներին:

«National Instruments Corporation»-ի  հայաստանյան մասնաճյուղը գործունեությունը սկսել է 2007 թվականին և ոլորտի առաջատարներից է:

 

«National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղի տաղանդների ներգրավվման գործընկեր Աննա Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրեց ընկերության հիմնադրման պատմությունը և զարգացման միտումները. «Ընկերությունը  համաշխարհային առաջատարներից է չափիչ սարքերի, ավտոմատացված թեստավորման ու կառավարման համակարգերի նախագծման և արտադրության ոլորտում»։

Այնուհետև ուսանողները շրջեցին շենքում, ծանոթացան ընկերության աշխատանքային պայմաններին և հնարավորություններին:

«National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղի ինժեներական խմբի ղեկավար Մհեր Մինասյանն  ուսանողներին ներկայացրեց մի քանի նախագծեր, որոնցով այս պահին զբաղվում են ընկերության առաջատար մասնագետները:

 

Այդ նախագծերից թերևս ամենահայտնին 5G կապի համակարգերի նախատիպերի մշակումն ու թեստավորումն է:

Մհեր Մինասյանն  ուսանողներին խորհուրդ տվեց աչքի ընկնել բարձր առաջադիմությամբ, շատ ընթերցել, առանձնահատուկ ուշադրություն դարձնել «Մաթեմատիկա» առարկային. «Հարկ է նշել, որ մեր ընկերությունն ընդարձակվելու հեռանկար ունի, ուստի մեզ անհրաժեշտ են որակյալ ու բանիմաց կադրեր մեր մյուս ծրագրերը միասին կյանքի կոչելու և զարգացնելու համար»:

 

Այնուհետև ուսանողները շրջայց կատարեցին ընկերության լաբորատորիաներում, տեղում ծանոթացան կատարվող աշխատանքներն և իրենց հուզող հարցերն ուղղեցին մասնագետներին:

Այցի վերջում ուսանողները հյուրընկալվեցին ընկերության Գիտության և տեխնիկայի թանգարան, որտեղ նրանց ներկայացվեց հայկական գիտատեխնիկական մտքի և նվաճումների պատմությունը:

 

 Անի Պողոսյան