25.05.2021 | 
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, որի ընթացքում «Ստամինա» ընկերության ներկայացուցիչները տեղեկատվություն տրամադրեցին ընկերության, նրա գործընկերների մասին՝ նշելով, որ այն վաճառքի աութսորսինգային ընկերություն է, որի նպատակն է փոխել Հայաստանում վաճառքի վերաբերյալ պատկերացումները:

«Մենք տվյալ պահին Հայաստանում վաճառքի աութսորսինգային առաջին ընկերությունն ենք, մատուցում ենք տարբեր ծառայություններ ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների համար»,- մեզ հետ զրույցում նշեց ընկերության վաճառքի և «HR» մասնագետ Լուսինե Ղարիբյանը:

 

Նա նաև հավելեց, որ ընկերությունը վերապատրաստում է վաճառքի ոլորտի մասնագետների, քանի որ ընկերության գաղափարախոսություններից է նաև այն, որ երիտասարդ կադրերը վերապատրաստվելու հնարավորություն ունենան, սովորեն արդյունավետ վաճառքի գործիքներն ու աշխատաշուկային ներկայանան որպես որակյալ աշխատակից:

Անդրադառնալով դրամաշնորհային մրցույթի արշավին՝ Լուսինե Ղարիբյանն ասաց, որ ընտրել են հայաստանյան լավագույն բուհերը, ցանկանում են այս մրցույթի միջոցով հավաքագրել ներուժ ունեցող  երիտասարդների և որակյալ կադրեր պատրաստել տարբեր ընկերությունների համար: Թեստավորման մեջ ներառվել են տրամաբանության, կենտրոնացվածության, վաճառքի ոլորտին վերաբերող հարցեր. «Վաճառքին վերաբերող գիտելիքներն ամբողջի միայն մի մասն են, ամբողջական պատկերի համար հարկ է նաև այլ հատկանիշներ ունենալ»:

 

Լուսինե Ղարիբյանը տեղեկացրեց, որ 60-ից բարձր միավորներ հավաքած թեկնածուներն անցնելու են հարցազրույցի փուլը, որից հետո միասին որոշվելու է, թե ինչ ընկերությունում է թեկնածուն ցանկանում աշխատել, իսկ վերջում՝ վերապատրաստում անցնելուց հետո, տվյալ թեկնածուն ունենում է աշխատանք:

«Վերապատրաստումը  70-ժամյա տևողությամբ ծրագիր է (2 ամիս), որի ընթացքում սովորեցնում ենք բոլոր այն գործիքները, որոնք պետք են արդյունավետ վաճառք իրականացնելու համար »,- հավելեց «Ստամինա»  ընկերության ներկայացուցիչը: