24.06.2010 | 
Հասարակություն
ԵՐԿՈՒ ՀՈԲԵԼՅԱՆ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՐԿՈՒ ՀՈԲԵԼՅԱՆ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր լրանում է ԵՊՀ դասախոս, պրոֆեսոր Նորայր Բեյլերյանի 80 եւ Քիմիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանի 60-ամյակները:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհավորեց հոբելյարներին` նրանց պարգեւատրելով ԵՊՀ ոսկե մեդալներով: «Ավելի քան 56 տարիների Ձեր անբասիր աշխատանքը ԵՊՀ-ում բարձրագույն կրթությանը ողջ էությամբ ծառայելու եւ գիտությանը անմնացորդ նվիրվելու վառ օրինակ է: Ձեր աշխատասիրությունը, գիտական բարեխղճությունը, գեղագիտական նուրբ ճաշակն ու ազնիվ քաղաքացու վարքագիծը համալսարանական ուսանողության համար օրինակելի է դարձնում հմուտ մանկավարժի ճանաչում վաստակած գիտնականի Ձեր կերպարը»-ասաց Արամ Սիմոնյանը պարոն Բեյլերյանին ուղղված շնորհավորական ուղերձում:

 

Բեղուն է Նորայր Բեյլերյանի գիտամանկավարժական գործունեությունը` ավելի քան 650 հոդվածներ` տպագրված Հայաստանում եւ արտասահմանում, առկա 30 հեղինակային արտոնագրեր, առաջին անգամ հայերենով տպագրված «Քիմիական կինետիկա» երկհատոր դասագիրք: 1976-2000 թվականները Ն. Բեյլերյանը եղել է Ֆիզիկական եւ կոլոիդային քիմիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ` պոլիմերային պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայի գիտական ղեկավար: Վերջինիս ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդներ դարձել են գիտության թեկնածուներ, նրանցից 7-ը` գիտության դոկտորներ, ովքեր այսօր արդեն պրոֆեսորներ են, իսկ նրանցից 4-ը` ամբիոնի վարիչներ:

 

Նորայր Բեյլերյանի, ով նաեւ 2005 թվականին Կանադայում հիմնադրված Մ. Մաշտոց կրթական հիմնադրամի երեւանյան վարչության նախագահն է, անմիջական ջանքերով նյութական անապահով ընտանիքների` բարձր առաջադիմությամբ սովորող 16 ուսանողներ ստացել են Մաշտոցյան կրթաթոշակներ: Գիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Բեյլերյանն արժանացել է Բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի, Ֆիզիկական եւ կոլոիդ քիմիայի ամբիոնի պատվավոր վարիչի կոչումներին: Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լեւոն Թավադյանն ասաց, որ առաջին անգամ 1971 թվականին է լսել Նորայր Բեյլերյանի դասախոսությունը: Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ողջ կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում Նորայր Բեյլերյանին ինստիտուտի գործունեության ընթացքում երկարամյա եւ արգասաբեր աշխատանքի համար: «Արդեն 60 տարի է` ես ամեն օր համալսարան եմ գալիս, եւ ամեն օր` նույն մեծագույն պատկառանքով եւ ակնածանքով: Անչափ հուզված եմ, որ այսպիսի հեղինակավոր հավաքույթի ժամանակ կարեւորվում եւ նշվում է իմ փոքր ներդրումը մեր հայրենիքի եւ մեր երիտասարդության համար»,-ասաց Նորայր Բեյլերյանը: Նորայր Բեյլերյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորեց նաեւ օրվա մյուս հոբելյարը` Տարիել Ղոչիկյանը` մաղթելով նրան երկար տարիների կյանք` ի փառս Քիմիայի ֆակուլտետի աշխատակազմի եւ հայկական քիմիական գիտության, որին էլ նվիրաբերել է նա իր ողջ կյանքը: Ի դեպ, Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանի կարեւորագույն ձեռքբերումները եղել են օրգանական քիմիայի բնագավառում, որոնք ամփոփված են ավելի քան 175 գիտական աշխատանքներում: Վերջինս, աշխատելով տասնյակ տարիներ Մայր բուհում, համագործակցել է նաեւ մի շարք արտադրական ձեռնարկությունների հետ, որտեղ ներդրվել են նրա մշակումներն ու նորարարական առաջարկությունները:

 

 

Արամ Սիմոնյանը Տարիել Ղոչիկյանին ուղղված իր ուղերձում նշեց, որ անգնահատելի է վերջինիս դերը որակյալ կադրերի պատրաստման եւ երիտասարդ սերունդի դաստիարակման գործում: Ինչպես Քիմիայի ֆակուլտետի մի շարք դասախոսներ, այնպես էլ տարբեր ֆակուլտետների դեկանները, շնորհավորելով իրենց գործընկերոջը, միաձայն պնդում էին, որ իսկապես ճիշտ էր Տարիել Ղոչիկյանին ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրելը: «Ես փորձեցի երկու ընդհանրություն գտնել երկու հոբելյարների միջեւ եւ բանաձեւեցի այսպես. չնայած քիմիական բանաձեւ չէ, բայց ես կասեմ, որ հերոս դառնալու համար բավարար է 3 րոպեն, իսկ պարկեշտ մարդ լինելու եւ մնալու համար անհրաժեշտ է մի ամբողջ կյանք:

 

Հիմա մենք շնորհավորում ենք երկու այնպիսի մարդկանց, ովքեր իրենց ապրած կյանքով ապացուցել են, որ իսկապես ունեն «պարկեշտ մարդ» կոչումը»,-ասաց պրոռեկտոր Արարատ Մալխասյանը: Տարիել Ղոչիկյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար` նշելով, որ ինքը միասեր է եւ ընդունում է միայն մեկ բուհ` Երեւանի պետական համալսարանը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: