09.05.2010 | 
Հասարակություն
ՄԱՅԻՍԻ 9-Ը ՏՈՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՊՀ-Ն
ՄԱՅԻՍԻ 9-Ը ՏՈՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՊՀ-Ն
Այս անգամ ծաղիկներն ու ծաղկեպսակները նախատեսված էին ուրախ առիթի` մայիսյան եռատոնի համար:

Չնայած մայիսի 9-ին օրը կիրակի էր, ԵՊՀ-ի բակում վաղ առավոտյան եռուզեռ էր: Ընդունված ավանդույթի համաձայն` համալսարանականները Մոնումենտ գնալուց առաջ ծաղիկներ դրեցին ԵՊՀ-ի տարածքում գտնվող հուշարձանների մոտ: «Սա մեզ համար ընտանեկան, գերդաստանային տոն է, որովհետեւ հայրս էլ է պատերազմին մասնակցել:

 

Եվ ինչ եղանակ էլ լինի, մենք անպայման մասնակցում ենք տոնախմբությանը»,- պատմում է Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Հենրիկ Սեմերջյանը, ում համար պարտադիր է Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգի գնալ թոռնիկի հետ: Իսկ թոռնիկը` Հարությունը, ասում է, որ այս տոնը շատ է սիրում, որովհետեւ լավ առիթ է պապիկի հետ զբոսնելու եւ զրուցելու:

 

Չէ՞ որ նրանից այնքան բան է իմանում Հայրենական մեծ պատերազմի ու հաղթանակի մասին: Իսկ զբոսայգում «Կատյուշայի», «День победы»-ի եւ «Հայկական բանակ»-ի հնչյունների ներքո համալսարանականները անմար կրակի մոտ ծաղկեպսակ դրեցին: Դրանով, սակայն, ամեն ինչ չավարտվեց: Չէ՞ որ մեզ համար այս օրը ուրիշ նշանակություն էլ ունի. 18 տարի առաջ ազատագրվեց Շուշին: «Ցավոք, այս տոնը մեր երիտասարդությունը չի ընկալում այնպես, ինչպես ռուսները: Այստեղ նաեւ քարոզչության դերն է կարեւոր, քանի որ ռուսական մամուլում խոսվում է միայն այն մասին, որ պատերազմում մասնակցել ու հաղթել են սլավոնական ժողովուրդները, եւ ոչ մի խոսք կովկասյան ժողովուրդների մասին»,- նշում է ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը:

 

Նա բնական է համարում այն, որ հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տոների նկատմամբ վերաբերմունքը տարբեր է, քանի որ Շուշիի հաղթանակը մեզ համար ավելի «շոշափելի» է: «Մենք առանց խոչընդոտների կարող ենք գնալ Արցախ, ազատագրված Շուշի եւ զգալ, որ այն մերն է»,- ավելացնում է նա: ԵՊՀ ուսանողական խորհուրդը Հաղթանակի զբոսայգուց ուղեւորվեց դեպի Եռաբլուր, որտեղ ամփոփված են Արցախյան ազատամարտում զոհվածների աճյունները:Սա այն եզակի առիթներից է, որ նահատակված տղաներին այցելության են գնում ուրախ դեմքերով ու բարձր տրամադրությամբ:

 

«Բոլորս էլ հպարտ ենք, որ այսպիսի տոն ունենք, եւ որ այն ավելի նշանավորվեց Շուշիի ազատագրմամբ, ինչը մեր նորօրյա պատմության ամենապայծառ էջերից մեկն է,- ասում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ալեքսանդր Սարգսյանը եւ ավելացնում:- Չեմ ուզում ասել, որ հայերը պատերազմող ժողովուրդ են, բայց որ ամեն վայրկյան պատրաստ են պաշտպանելու իրենց հողն ու հայրենիքը, փաստ է` ապացուցված պատմությամբ»:

Այլ նորություններ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.