27.09.2010 | 
Հասարակություն
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ «ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉԸ» 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ «ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉԸ» 15 ՏԱՐԵԿԱՆ Է
Սեպտեմբերի 23-27-ը Հայաստանում էին Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից ժամանած իրավաբաններ, դատավորներ եւ դատախազներ:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եւ Հայաստանի իրավաբանների միության նախաձեռնությամբ Դիլիջանում տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված «Արդարադատության արդի հիմնախնդիրները ժամանակակից սահմանադրականության համատեքստում» գիտագործնական միջազգային երկօրյա համաժողովը: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի վստահեցմամբ` նման գիտական հավաք հայկական կողմի հյուրընկալությամբ կազմակերպվում է արդեն երրորդ անգամ: Վերջինիս խոսքերով, 15 տարի առաջ ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեղ գտած գաղափարների իրականացումը մեծ ջանքեր է պահանջում ինչպես պետությունից, այնպես էլ քաղաքացիական հասարակությունից, եւ այս ոլորտի խնդիրների համար արդյունավետ լուծումների փնտրտուքը շարունակական գործընթաց է։

 

«Հայաստանի երրորդ հանրապետության Սահմանադրությունը դիմացել է ինչպես ժամանակի փորձությանը, այնպես էլ երիտասարդ ժողովրդավարության կայացմանն ուղեկցող ոչ դյուրին գործընթացներին: Անցած տարիներին Սահմանադրությունում ի հայտ եկած խնդիրներն ու իրական կյանքի հետ որոշակի անհամապատասխանություններն էլ առիթ դարձան 2005 թվականին սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու»,- նշեց Գագիկ Ղազինյանը։ Իրավաբանների միջազգային միության նախագահ Անդրեյ Տրեբկովը, իր ելույթում շնորհավորելով հայ ժողովրդին Սահմանադրության ընդունման 15-ամյակի կապակցությամբ, նշեց, որ արդեն երկրորդ տարին է` Հայաստանում մասնակցում է նման սեմինարի, առաջին անգամ այն եղել է 2003 թվականին. «Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ իրավական դաշտում լուրջ համագործակցության հիմքեր են դրվել:

 

Վերջին շրջանում ամենաքննարկվող թեման դարձել է ժամանակակից սահմանադրականությունը, չնայած որ դեռ խորհրդային տարիներին այդ տերմինն ընդհանրապես գործածական չէր»,-ասաց Անդրեյ Տրեբկովը` հավելելով, որ Իրավաբանների միջազգային միությունը մշտապես մասնակցում է նմանօրինակ բոլոր քննարկումներին: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւս հանդես եկավ «Հասարակության վերափոխման պայմաններում Սահմանադրության գերակայության ապահովման առանձնահատկություններն ու բարդությունները» ներկայացնող զեկույցով, որտեղ կարեւորվում էր այն, որ անցումային փուլում գտնվող երկրներում սահմանադրական հիմնարար արժեքներն ու սկզբունքները ձեւախեղվում են հասարակական պրակտիկայում, հետեւաբար անհրաժեշտ է, որ այդ արժեքներն ու սկզբունքները հասարակական պրակտիկա մտնեն։ «Այդ հիմնարար արժեքների ձեւախեղումներն էլ իրենց հերթին հանգեցնում են իրավական ձեւախեղումների, որի հետեւանքով անհնարին է դառնում արդյունավետ արդարադատություն իրականացնել, եւ իրավական համակարգում առաջանում են խորքային լուրջ հակասություններ: Այսինքն`մենք ունենք Սահմանադրություն, բայց սահմանադրականություն չկա, Սահմանադրությունը ապրող իրողություն չէ մեր երկրում, եւ մենք իրավական «Աստվածաշնչում» գրված արժեքներով չենք ապրում»,-նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը: Կոնֆերանսի ընթացքում զեկույցներով հանդես եկան նաեւ Գերմանիայի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ռուսաստանի իրավաբանները, ովքեր ներկայացրին արդարադատության ոլորտում իրենց խնդիրները, փորձը, իրականացվող ու արդեն կյանքի կոչված դատական բարեփոխումների արդյունքները։

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: