22.06.2010 | 
Հասարակություն
ՏՊԱԳՐՎԵԼ Է ՍՊԱՍՎԱԾ ԺՈՂՈՎԱԾՈՒ
ՏՊԱԳՐՎԵԼ Է ՍՊԱՍՎԱԾ ԺՈՂՈՎԱԾՈՒ
Էկոլոգիական օրենսդրությունը` մեկ ամբողջական ժողովածուի մեջ:

ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ տպագրվել է Հայաստանի Հանրապետության էկոլոգիական իրավունքի իրավական ակտերի ժողովածուի 3-րդ լրամշակված տարբերակը: Նախորդ տարիների ընթացքում երկու անգամ հրատարակվել են էկոլոգիական իրավունքի նորմատիվ իրավական ակտերի ժողովածուներ, սակայն ժամանակի ընթացքում այդ փաստաթղթերում փոփոխություններ են տեղի ունեցել, ուստի էկոլոգիական գործող օրենսդրության բաղադրամասերն ուսումնասիրելու եւ նորմատիվ ակտերը մոտ 800 էջանոց մեծածավալ ժողովածուում հրատարակելու անհրաժեշտություն էր առաջացել:

 

Ժողովածուում ներառված են 1991-ից մինչեւ 2009 թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածի ընթացքում ընդունված բնապահպանական օրենսդիր ակտերը: Ժողովածուից ավելի հեշտ օգտվելու նպատակով հեղինակները որոշ բաժիններում իրավական ակտերը դասավորել են ըստ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ունեցած առաջնահերթության, իսկ մյուս բաժիններում`այբբենական կարգով: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն էլ, շնորհավորելով ժողովածուի հեղինակներին, ասաց, որ բուհական միջավայրում ստեղծված ժողովածուն օգտակար կլինի նաեւ այն ուսանողների ու ասպիրանտների համար, ովքեր ուսումնասիրում են էկոլոգիական հիմնախնդիրները: ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը նշեց, որ էկոլոգիական իրավունքը մեր օրենսդրության երիտասարդության ճյուղերից է, եւ այս ոլորտում պարբերաբար հանդիպում են թերություններ ու խոչընդոտներ:

 

Տիկին Իսկոյանը ասաց, որ շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ նախապայման է հանրության իրազեկվածությունը` մասնավորապես էկոլոգիական իրավունքի բնագավառում: Այդ իսկ պատճառով ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնի երիտասարդ աշխատակիցներ Գոռ Մովսիսյանի եւ Հեղինե Հախվերդյանի մասնակցությամբ կյանքի կոչվեց ժողովածուի տպագրումը: Շնորհանդեսին ներկա իրավաբաններն ու էկոլոգները փաստեցին, որ այս գիրքն առանձնահատուկ նշանակություն ունի եւ իրենց համար խիստ սպասված ժողովածու է:

 

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն էլ ասաց, որ այն իրենց կօգնի բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին հետաքրքրող հարցերին պատասխանելիս: Փոխնախարարն առաջարկեց ժողովածուն ուղարկել բոլոր շահագրգիռ գերատեսչություններ, միեւնույն ժամանակ փաստեց, որ ոլորտի պետական ու հասարակական կազմակերպությունների շատ աշխատակիցներ չեն տիրապետում էկոլոգիական օրենսդրությանը, այս առումով եւս ժողովածուն սպասված ձեռնարկ է: Սիմոն Պապյանն առաջարկեց հետագա հրատարակություններում ներառել նաեւ ոլորտին վերաբերող միջազգային այն փաստաթղթերը, որոնք Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: