23.11.2010 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ
ԵՊՀ-ում այսօր անցկացվեց գիտաժողով` նվիրված Վուդրո Վիլսոնի` Հայաստանի եւ Թուրքիայի սահմանիվերաբերյալ Իրավարար վճռի 90-ամյակին:

Այդ առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գիտաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Ուղիղ 90 տարի առաջ` 1920 թվականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրեց Իրավարար վճիռ: Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերեւս, ամենակարեւոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը եւ վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետեւանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում եւ ամրագրվում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը: Օրինադավությունը եւ բիրտ ուժը խոչընդոտեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու հնարավորությունը: Այդուհանդերձ, դրա նշանակությունը չի կարելի թերագնահատել. այդ որոշմամբ` հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար եւ իրավական ուժ:


Առաջին աշխարհամարտի ավարտին փլուզվեցին կայսրություններ, եւ Եվրոպայի մի շարք ժողովուրդներ ստացան իրենց ազգային պետությունները ստեղծելու ճանապարհով ինքնորոշվելու հնարավորություն: Նախագահ Վիլսոնը ցանկանում էր, որ Հայաստանը լինի նրանցից մեկը եւ օգտվի եվրոպական քաղաքակրթության ընձեռած բոլոր հնարավորություններից: Նա գիտեր, թե ինչ է նշանակում մեծ երկրի պատասխանատվությունը, նա չէր անտեսում փոքրաթիվ ժողովուրդների տառապանքները: Անգամ այսօր իր պատմական ավանդի ուժով Վուդրո Վիլսոնը հորդորում է ամրապնդել միջազգային օրինականությունը, կանխել ցեղասպանությունները եւ միջոցներ ձեռնարկել բիրտ ուժի ամենաթողությունը խափանելու ուղղությամբ: Նա այն մարդն է, ում երախտապարտ հայ ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես արդարության ջատագովի եւ իսկական բարեկամի: Պատմական այդ եզրույթի գիտական ուսումնասիրությունն ու վերլուծությունն ունեն կարեւոր նշանակություն: Գիտաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: