09.12.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ջոն Կիրակոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական նիստ:

Հայ ականավոր գիտնական, պետական ու քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական նիստին ներկա էին Ջոն Կիրակոսյանի ընկերները, գործընկերներն ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները, ում համար սա յուրահատուկ բաց դաս էր իրենց ավագ գործընկերոջ` հայկական դիվանագիտական դպրոցի հիմնադիրներից մեկի մասին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ դժվար է խոսել Ջոն Կիրակոսյանի մասին, քանի որ խոսքը մեծ անհատականության մասին է, ով մեր պատմության ոսկե էջերում է:

 

Միեւնույն ժամանակ հեշտ է նրա մասին խոսել, որովհետեւ մեծ է նրա հռչակը, ու գրեթե ամեն հայ մարդ լսել է Ջոն Կիրակոսյանի անունը: «Դժվար էր խորհրդային տարիներին ազգային գործչի համար: Պետք է սովորել մեծարել այս մարդկանց, պատմել երիտասարդներին նրանց մասին, որպեսզի հպարտանան ու ձգտեն նմանվել»,- ասում է Արամ Սիմոնյանը: Հոբելյանական նիստի հիմնական զեկուցողը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանն էր, ով ներկաներին ներկայացրեց դիվանագետի կենսագրությունն ու անցած ճանապարհը:

 

«Նա Հայաստանում պատրաստված միջազգայնագետների առաջին սերնդից էր, ով ապացուցեց, որ նույնիսկ Խորհրդային Միության կազմում հնարավոր է մշակել եւ վարել հայակենտրոն արտաքին քաղաքականություն»,- ասում է Գեղամ Պետրոսյանը: Հայաստանի ԳԱԱ հայագիտության եւ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը Ջոն Կիրակոսյանի դասընկերներից է:

 

«60-ականներին հայ դիվանագիտության, պատմության եւ գրականության մեջ զարթոնք էր: Ջոն Կիրակոսյանն այս շրջանն օգտագործեց` մի շարք համարձակ աշխատություններ հրատարակելու համար»,- ասում է Վլադիմիր Բարխուդարյանը: Նա նաեւ համարձակվում էր դեմ գնալ ժամանակի մտքին, պաշտպանում մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով մերժվում էին Խորհրդային Հայաստանի կողմից: ԳԱԱ պատմության ամբիոնի տնօրեն, թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը Ջոն Կիրակոսյանին համարում է քաղաքական հայագիտության հիմնադիր: Աշոտ Մելքոնյանի հիշողության մեջ մի հետաքրքիր դեպք է դրոշմվել մեծ դիվանագետի վերաբերյալ. «Առաջին անգամ ես նրան տեսել եմ Հանրային գրադարանում:

 

Միջանցքում վրդովված խոսում էր մամուլում լույս տեսած ինչ-որ հոդվածի մասին: Նրա խոսքն այնքան էր հետաքրքրել բոլորին, որ մի րոպեում ընթերցասրահը դատարկվեց, բոլորը հայտնվեցին միջանցքում, որտեղ Ջոն Կիրակոսյանը բղավում էր. «Չեմ հասկանում, Հայաստանում մի տղամարդ չկա՞»: Զարմացած էի, քանի որ կարծում էի, թե պիտի հանդիպեմ դասական գիտնականի, բայց տեսա պարզ, անմիջական քաղաքացու»: Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ նա ոչ միայն ականավոր գիտնական էր, այլ նաեւ ազգային նկարագիր ունեցող արժանապատիվ քաղաքացի: Ջոն Կիրակոսյանի մասին հուշերով ու նրա վաստակի գնահատանքի խոսքերով հանդես եկան նաեւ այլ անվանի գործիչներ, դիվանագետի գործընկերներն ու դասընկերները:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: