09.12.2010 | 
Հասարակություն
ՀԻՇԱՏԱԿԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ
ՀԻՇԱՏԱԿԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Այսօր համալսարանական զոհված ազատամարտիկ, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի շտաբի պետ Տիգրան Սարգսյանի հիշատակի օրն է:

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ-ում անցկացվեց հուշ-երեկո` նվիրված Իրավաբանական ֆակուլտետի ուսանող-ազատամարտիկ Տիգրան Սարգսյանի հիշատակի օրվան: «Վարդանանք»-ը համալսարանական բոլոր ազատամարտիկների ծննդյան եւ հիշատակի օրերի առիթով տարբեր միջոցառումներ է նախաձեռնում:

 

Այս անգամ «Հայրենասիրության դաս»-ի ունկնդիրները ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսեցիներն էին, երիտասարդներ, ովքեր սովորում են ազատամարտիկի անունը կրող լսարանում: «Հայրենասիրության դաս»-ին մասնակցում էին Տիգրանի համալսարանական ու ռազմական ընկերները, հարազատները: Միջոցառմանը ներկա էին նաեւ ազատամարտիկի կինը` Լուսինեն, ու որդին` Արգիշտին, ով այժմ սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

 

«Հայ ազգի մեջ, երբ դանակը հասնում է ոսկորին, միշտ էլ հերոսներ են հայտնվում, սակայն իրականում դա ուրախանալու եւ հպարտանալու առիթ չէ: Պատմությունն ապացուցում է, որ իրական զարգացումը կայուն զարգացումն է, ուստի մենք երբեք չպետք է թողնենք, որ դանակը հասնի ոսկորին: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հայրենասեր լինի իր չափով: Կարելի է սկսել ամենահեշտից` անել թեկուզ փոքրիկ, առօրյա մի բան, որով կարող ես նպաստել քո երկրի զարգացմանն ու կայունացմանը»,- ասում է Արգիշտին: «Յուրաքանչյուր մարդ պետք է այնպես ապրի, որ իր ազգի դեմքը միշտ հպարտ լինի. նրա ողջ գիտակցական կյանքն ու գործունեությունը կարելի է խտացնել այս նախադասության մեջ, որ նա գրել էր իր աշխատանքային տետրում»,- ասաց Արա Սարգսյանը` ազատամարտիկի եղբայրը: Տիգրանին հիշեցին նաեւ նրա ռազմական ընկերները:

 

«Բացի անվախ ու հմուտ կռվող լինելուց` նա նաեւ շատ լավ ընկեր էր, նրբազգաց մարդ,- ասում է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի նախագահ Խաչիկ Գալստյանը:- Հիշում էր գնդի բոլոր տղաների ծննդյան օրերը, շնորհավորական նամակներ ու ծաղիկներ էր ուղարկում նաեւ իր զինակիցների մայրերին: Սիրում էր կրկնել` «Պատերազմի ժամանակ հայրենիքը ժողովրդինն է, Աստված չանի, որ պատերազմից հետո այն նորից մի քանիսինը դառնա»: Ես ցանկանում եմ, որ երբեք պատերազմ չտեսնեք, բայց ամեն ինչ անեք, որ խաղաղ պայմաններում էլ այս հայրենիքը ձերը լինի»:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: