30.08.2010 | 
Հասարակություն
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ Գ. ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ Գ. ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ
Այսօր Գալուստ Կյուլպենկյան ֆոնդի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ ստորագրվեց պայմանագիր 2010-2011 թվականների համար:

Դեռեւս 90-ականներից Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամի շնորհիվ հրատարակվել են 110 հայագիտական հատորներ, հենց այս ֆոնդի շնորհիվ է գործում նաեւ ԵՊՀ հյուրերի տունը: 

Մինչ այժմ Մայր բուհի եւ Կյուլպենկյան ֆոնդի միջեւ համագործակցությունն ընթացել է բացառապես առանց պայմանագրի, սակայն այս տարի համագործակցությունը անցել է առավել պաշտոնական, բայց նաեւ առավել արդյունավետ համագործակցության դաշտ: 

Ըստ Մայր բուհի եւ Կյուլպենկյան հիմնադրամի միջեւ կնքված պայմանագրի` մեկ տարում ընդլայնվելու է գրահրատարակչական գործունեությունը` լույս ընծայելով եւս 12 անուն հայագիտական գիրք` 4500 ընդհանուր տպաքանակով, կատարվելու են մի շարք ծրագրեր` ԵՊՀ երիտասարդ գիտնականներին արտասահմանյան գիտական եւ կրթական ուղեւորությունների ֆինանսավորում, «Բանբեր.Երեւանի համալսարան» գիտական հանդեսին հրատարակչական եւ հոնորարային աջակցություն, օսմանագիտության զարգացման նպատակով տարվող աշխատանքների ֆինանսավորում, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի մի շարք խնդիրների կարգավորում, տարածքի ընդլայնում: 

Հիմնադրամը, ըստ համաձայնագրի, հովանավորելու է նաեւ ԵՊՀ բակալավրիատում եւ մագիստրատուրայում վճարովի համակարգում սովորող ոչ միայն սփյուռքահայ, այլեւ ՀՀ քաղաքացի համարվող ուսանողներին: Բացի դրանից, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի պորտուգալերեն ուսումնասիրող ուսանողներին հիմնադրամը պարտավորվում է ապահովել ուսումնական ձեռնարկներով եւ բառարաններով: 

Հիմնադրամի տնօրեն Զավեն Եկավյանը, ով, ԵՊՀ շրջանավարտ լինելուց զատ, նաեւ ԵՊՀ պատվավոր դոկտոր է, նոր ուսումնական տարվա կապակցությամբ
շնորհավորեց ներկա դեկաններին եւ համալսարանի աշխատակիցներին` նշելով, որ Պետհամալսարանը հայակերտության եւ ազգակերտության մեծ դարբնոց է: 

«Այս երեք հաստատությունները, որ ներկայացնում են մեր սրբազան օջախները, այս հուշամեդալներն ստացան որպես մեր հարգանքի հավաստիք: Մեր հիմնարկությունը Պետհամալսարանի հետ ավելի քան 56 տարվա կապ ունի: Իր ստեղծման օրվանից մեր հիմնարկությունը մշտապես բարյացակամ, ընկերային եւ եղբայրական կապով կապված է եղել Մայր բուհի հետ»,- ասաց Զավեն Եկավյանը:

2006 թվականին Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամը նշել է իր հիմնադրման 50-ամյակը, որից հետո հիմնադրամն իր բարեկամներին պարգեւատրում է 50-ամյակի հոբելյանական հուշամեդալներով: Եվ այսօր, համաձայնագրի կնքումից բացի, պատմամշակութային ազգանվեր գործունեության համար պարգեւատրվեցին Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը եւ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը: 

«Երեւանի պետական համալսարանի եւ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում հիմնադրամին եւ անձամբ պարոն Եկավյանին այս պատվի համար: Այս պարգեւը պատիվ է ոչ միայն ինձ համար, այլեւ համալսարանի, եւ այս հուշամեդալը կմնա ԵՊՀ պատմության թանգարանում: Նույնիսկ ամենադժվար ժամանակներում, երբ Մայր բուհի հետ համագործակցող շատ բարերարներ դադարեցին իրենց գործունեությունը իրականացնել համալսարանում, Կյուլպենկյան հիմնադրամը շարունակում է համագործակցել առավել մեծ թափով»,-նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: