07.09.2010 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԵՊՀ-Ն ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԵՊՀ 5 ուսանողներ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայից վերադարձան մեդալներով:

Հուլիսի 26-ից 30-ը Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում կայացած ամենամյա միջազգային ուսանողական օլիմպիադային Հայաստանն արդեն 6-րդ անգամն է մասնակցում: Այս տարի համալսարանական թիմն աննախադեպ ցուցանիշներ գրանցեց` իր հետ բերելով մեկ ոսկե, երեք արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ: 44 երկրների 100 համալսարաններից ժամանած շուրջ 400 ուսանողներից միայն կեսին է հաջողվել որեւէ մրցանակային տեղ գրավել:

 

ԵՊՀ-ն այսուհետ երկու ոսկե մեդալ ունի այս օլիմպիադայից: Առաջինը Վարդան Ոսկանյանի` նախորդ տարիներին վաստակած ոսկի մեդալն է, ով այսօր արդեն Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ասպիրանտ է, իսկ երկրորդի «հեղինակը» ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսեցի Ալեքսանդր Բեկնազարյանն է: Հետագա տարիներին Ալեքսանդրն այլեւս չի կարող մասնակցել այս օլիմպիադային, քանի որ այն միայն բակալավրիատի առաջինից չորրորդ կուրսեցիների համար է, բայց նա կարող է մասնակցել Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող մեկ այլ օլիմպիադայի, որին ԵՊՀ-ն եւս մի քանի տարվա մասնակցության փորձ ունի: Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Ներսես Խաչատրյանը պատմում է, որ բուն օլիմպիադայի մեկնարկից առաջ թիմը մի քանի ամիս պարապմունքներ է անցկացրել Երեւանում, մեկ շաբաթ էլ` Ծաղկաձորում: Նրանց հատկապես շատ են օգնել իրենց «վետերան» ընկերները, ովքեր նախորդ տարիներին նմանատիպ օլիմպիադաների մասնակցության փորձ ունեն: Ի դեպ, օլիմպիադայի մասնակիցներն ընտրվում են մրցույթի միջոցով, որը նախապես կազմակերպում է Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետը:

 

«Մեծ ցանկություն ունեմ, որ մեր այս հաջողությունները դառնան հետագա օլիմպիական շարժման վերելքի հենասյունը, եւ հաջորդ տարիներին ուսանողները ավելի լավ արդյունքներով վերադառնան, ցանկալի է` «Գրան Պրի»-ով»,- նշում է Ներսես Խաչատրյանը: «Քանի որ առաջին կուրս էի, պատասխանատվությունն ավելի մեծ էր: Որոշ խնդիրներ նույնիսկ հասանելի չէին ինձ համար»,- նշում է Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի արդեն երկրորդ կուրսի ուսանող Վահագն Ասլանյանը, ում, սակայն, հաջողվել է արծաթե մեդալի արժանանալ: Ի դեպ, բոլոր հինգ մեդալակիրներն առաջին անգամ էին մասնակցում այս հեղինակավոր օլիմպիադային: Տղաները հպարտությամբ էին նշում, որ մեր տարածաշրջանի երկրներից ամենալավ արդյունքները սովորաբար Հայաստանն է ցուցաբերում, իսկ ԵՊՀ-ն աշխարհի հեղինակավոր համալսարանների շարքում լավագույններից է:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: