04.11.2010 | 
Հասարակություն
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱՄԷ-Ի ԼԵԶՎՈՎ»
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱՄԷ-Ի ԼԵԶՎՈՎ»
ԵՊՀ-ն հյուրընկալեց Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին կին նախարարին:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմին այսօր այցելեց Երեւանի պետական համալսարան: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Քուվեյթում, ուստի նախարարին ընդունեցին ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը եւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Շեյխա Լուբնա ալ Քասիմին ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար է նշանակվել 2004 թ-ին: Մինչ այդ ԱՄԷ-ի առաջին կին նախարարը գլխավորել է Էկոնոմիկայի եւ պլանավորման նախարարությունը: ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո համալսարան ժամանած պատվիրակությանը ուղեկցում էր նաեւ ԱՄԷ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը:

 

ԵՊՀ ղեկավարության հետ կարճատեւ զրույցից հետո ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարը հանդիպեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Շեյխա Լուբնա ալ Քասիմին փոքրիկ դասախոսություն կարդաց, որտեղ հակիրճ ներկայացրեց իր երկրում առկա տնտեսական իրավիճակը, դրա զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականությունը: Դիմելով ուսանողներին` նախարարը նշեց, որ ուսումնառության տարիները կյանքի ամենակարեւոր ակտիվ փուլերից են, ու պետք է հարցին նպատակաուղղված մոտենալ: «Շատ կարեւոր է, որ դուք գիտակցեք` ձեր մասնագիտության ընտրությունը կարեւոր նշանակություն կարող է ունենալ ոչ միայն ձեր անձի, ընտանիքի եւ շրջապատի, այլեւ ձեր երկրի համար:

 

Այս հանգամանքն առավել քան ճշմարիտ է այն ուսանողների համար, ովքեր որպես մասնագիտություն ընտրել են տնտեսագիտությունը»,- նշեց նախարարը: Դասախոսությունից հետո ներկաները հարցեր տալու հնարավորություն ստացան: Առավել ակտիվ էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Հնչեցված հարցերը վերաբերում էին ԱՄԷ-ի տնտեսական քաղաքականության տարբեր ոլորտներին: Բարձրացված որոշ հարցերի վերաբերյալ իրենց դիտարկումները հայտնեցին ոչ միայն նախարարը, այլեւ նրան ուղեկցող պատվիրակության անդամները: Շեյխա Լուբնա ալ Քասիմին միջազգային բազմաթիվ առեւտրատնտեսական հաստատությունների տնօրենների խորհրդի անդամ է, ունի մի շարք միջազգային մրցանակներ: Կին նախարարի մրցանակներն այսօր ավելացան եւս մեկով. ԵՊՀ գիտական խորհուրդը հասարակական, քաղաքական բեղուն գործունեության եւ Հայաստանի ու ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների զարգացման համար շեյխա Լուբնա ալ Քասիմիին պարգեւատրեց ԵՊՀ արծաթե մեդալով:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: