02.04.2010 | 
Ուսանողական, Հասարակություն, Մշակույթ
«ՄՈՐՍ ԲԱԺԱՆԵԼ ԵՄ ԻՄ ԲՈԼՈՐ ՖԻԼՄԵՐՈՒՄ»
«ՄՈՐՍ ԲԱԺԱՆԵԼ ԵՄ ԻՄ ԲՈԼՈՐ ՖԻԼՄԵՐՈՒՄ»
Ճանաչված ռեժիսոր եւ սցենարիստ Ալբերտ Մկրտչյանն այսօր ուսանողների հյուրն էր:

Ալբերտ Մկրտչյանի հետ հանդիպման նախաձեռնությունը ԵՊՀ ուսանողական խորհրդինն էր, իսկ նպատակը` ուսանողների ու արվեստի գործիչների միջեւ երկխոսության հաստատումը:

 

Անվանի ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերն էլ ուսանողները դիտել են: Դրանք մի քանի սերնդի համար հարազատ ու մտերմիկ պատմություններ են, որոնք իրենց մեջ կրում են հայի ցավը, տխրությունն ու այն հաղթահարելու կամքը: Իր դեբյուտային ֆիլմն Ալբերտ Մկրտչյանը նկարահանել է ուսանողական տարիներին:

 

Թատերական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Ալբերտի կուրսային աշխատանքն էր «Լուսանկար» կոչվող կարճամետրաժ ժապավենը, որտեղ նկարահանվել է ռեժիսորի ավագ եղբայրը`Ֆրունզիկ Մկրտչյանը: Ալբերտ Մկրտչյանը պատմում է, որ մինչ «Լուսանկարը» հանդիսատեսը Ֆրունզիկին ճանաչում էր իբրեւ կոմիկ դերասանի:

 

«Բայց ես ուզում էի ցույց տալ, որ նա դրամատիկ դերասան է. դրա համար էլ նկարեցի Ֆրունզիկին այս ֆիլմում»,- պատմում է Ալբերտ Մկրտչյանը: Ինչպես բոլոր ֆիլմերի դեպքում, «Լուսանկարը» եւս իր իրական նախատիպն ունի, պատմություն, որը ռեժիսորը լսել է Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում:

 

«Շատ եմ սիրում նստել մեքենան ու ճամփորդել Հայաստանով: Ես շատ երկրներում եմ եղել, բայց մեր երկրի նմանը չկա, հավատացե՛ք: Ու մի օր էլ այդ ճամփաներն ինձ տարան մի գյուղացու տուն, ուր հրավիրեցին մածուն ուտելու: Տան պատին փակցված լուսանկար տեսա, որտեղ բոլորը ժպտում էին, բացի մեջտեղում նստած ծերունուց: Հետաքրքրվեցի, ու տան անդամներն ինձ պատմեցին այս պատմությունը»,- հիշում է Ալբերտ Մկրտչյանը: «Լուսանկարի» դիտումից հետո ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին մեր ժամանակների լեգենդներից մեկին` Ալբերտ Մկրտչյանին:

 

Ուսանողներից մեկի հարցին, թե արդյոք նրա ֆիլմերի կերպարներն ունեն նախատիպեր, ռեժիսորը պատասխանեց. «Այո: Ես իմ մորը բաժանել եմ բոլոր ֆիլմերիս մեջ: Այնտեղ, որտեղ կնոջ գլխավոր կերպար կա, մորս բնավորությունից էլ անպայման կա»,- անկեղծանում է արվեստագետը: Ալբերտ Մկրտչյանն առանձնահատուկ թախիծով է հիշում ընտանիքի անդամներին, հատկապես եղեռնից մազապուրծ մորն ու հորը:

 

«Հայրս 10 տարեկան է եղել, երբ նրան ապաստան են տվել Գյումրու ամերիկյան որբանոցում: Ես ծնողներիս իրար հետ խոսելիս չեմ տեսել: Նրանք մշտապես լուռ նստում էին ու թախծոտ հայացքով իրար էին նայում: Այդ հայացքը ժառանգել էր նաեւ Մհեր Մկրտչյանը: Ֆրունզիկի աչքերն այդ տխրության անդրադարձն էին»,- հիշում է հայ կինոյի ամենատխուր դերասանի եղբայրն ու տաղանդավոր ռեժիսորը:

 

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Աննա Մարմարյանը դիտել է Ալբերտ Մկրտչյանի գրեթե բոլոր ֆիլմերը: Աննայի համար այդ ֆիլմերը տպավորիչ են ու խորը: «Իմ դիտած բոլոր ֆիլմերում շատ ծանր հոգեվիճակ կա, որը նույնիսկ ճնշող ազդեցություն է թողնում: Դրանք հիմնականում հետպատերազմյան պատմություններ են, որտեղ ներկայացվում է հայ ընտանիքի կերպարը` իր դրսեւորումներով»,- այսպես է բնորոշում Աննան Ալբերտ Մկրտչյանի կինոն:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: