29.10.2010 | 
Հասարակություն
«ՄԵԴԻԱ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՇԵՎՉԵՆԿՈ ԵՎ ԱԲՐԱՄՈՎ
«ՄԵԴԻԱ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՇԵՎՉԵՆԿՈ ԵՎ ԱԲՐԱՄՈՎ
Վիտալի Աբրամովն ու Մաքսիմ Շեւչենկոն հոկտեմբերի 29-ին ԵՊՀ-ում վարպետության դաս անցկացրին:

Հոկտեմբերի 25-ից 28-ը Երեւանում անցկացվեց ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ միջազգային համաժողովը: ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպված համաժողովը իրականացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառման շրջանակում Հայաստան էին ժամանել շուրջ 130 պատվիրակներ ԱՊՀ եւ Բալթյան 22 երկրներից, Վրաստանից ու Եվրոպայից: Պատվիրակության կազմում էին նաեւ հանրահայտ մեդիաների 5 տասնյակ ներկայացուցիչներ, ովքեր Հայաստան էին ժամանել համաժողովի շրջանակում անցկացվող միջազգային մեդիա-ֆորումին մասնակցելու նպատակով:

 

Հոկտեմբերի 28-ին և 29-ին նրանց մի մասը Երեւանի մի քանի բուհերում հայաստանյան ուսանողների համար վարպետության դասեր անցկացրին: Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ ուսանողները հյուրընկալել էին ռուսաստանյան լրատվական դաշտի երկու խոշոր ներկայացուցչի. վարպետության դասն անցկացնում էին «Известия» թերթի գլխավոր խմբագիր Վիտալի Աբրամովը եւ «Судите сами с Максимом Шевченко» հաղորդման հեղինակ եւ վարող Մաքսիմ Շեւչենկոն: Հանդիպման սկզբում հյուրերն իրենց կարծիքն էին հայտնում լրագրության արդի խնդիրների եւ ոլորտի ներկայացուցիչների` այդ գործընթացներում ունեցած դերի մասին: Ռուսական ամենաազդեցիկ թերթերից մեկի գլխավոր խմբագիրը ուսանողների հետ իր զրույցը սկսեց համացանցի զարգացման համատեքստում տպագիր մամուլի գործառույթների մասին իր դիտարկմամբ: Վիտալի Աբրամովը վստահ է, որ համացանցի` որպես տեղեկատվական գործիքի կիրառումը թեպետ թուլացնում, բայց չի բացառում տպագիր լրատվամիջոցների կարեւորությունը: «Այսօր, երբ նորությունն այսքան հասանելի է ու կարող է տարածվել վայրկյանների ընթացքում, տպագիր մամուլի գործառույթները փոխվում են: Կարծում եմ` թերթերի գոյատեւումը հնարավոր է, եթե լրագրողներն ու խմբագիրները հասկանան, որ թերթը միայն նորություն չէ: Ընթերցողին հետաքրքիր է ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունեցել, այլեւ այն, թե ինչպես է դա ընկալում եւ ներկայացնում լրագրողը: Տպագիր մամուլը հնարավորություն ունի ներկայացնելու երեւույթների, աշխարհի ընկալման իր ձեւը, մի բան, որ բացակայում է համացանցում»,- ասում է Աբրամովը:

 

Մաքսիմ Շեւչենկոն, խոսելով հասարակություն-ԶԼՄ հարաբերությունների մասին, նշեց, որ կայացած լրատվական դաշտի մասին «երազող» լրագրողներից շատերը ճիշտ պատկերացում չունեն դրա գործառույթների մասին: «Լրագրական դաշտում միֆ կա, թե լրագրողները կոչված են հասարակական կարծիք ձեւավորելու: Իրականում լրագրությունը կայացած է, երբ ոչ թե ձեւավորում է հասարակական կարծիք, այլ հնարավորություն է տալիս հասարակությանը բարձրացնելու իրեն հուզող խնդիրները»,- ասում է փորձագետը: Հաճախ հասարակության համար խիստ կարեւոր եւ էական թեմաներ դուրս են մնում ԶԼՄ-ներից: Շեւչենկոն նշում է, որ դրա պատճառը, որպես կանոն, ոչ թե «վերեւից» արված հատուկ հրահանգներն են, այլ լրագրողների ներքին գրաքննությունը: Հանդիպման երկրորդ հատվածում հյուրերը պատասխանեցին ուսանողների հարցերին: Ուսանողները փորձագետներին խնդրում էին խոսել ոլորտի խնդիրների մասին տարածաշրջանում առկա քաղաքական իրավիճակի համատեքստում: Ուսանողներից մեկը փորձագետներին խնդրեց համեմատել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԶԼՄ-ների գործունեությունը բազմակարծության եւ խոսքի ազատության տեսանկյունից:

 

Մաքսիմ Շեւչենկոն նշեց, որ երեք պետություններից ամենաբարենպաստ պայմաններում այժմ հայաստանյան ԶԼՄ-ներն են: Փորձագետը վստահ է, որ դրա հիմնական պատճառներից մեկը երկրում միաժամանակ ակտիվ գործունեություն ծավալող կուսակցություններն են, որոնք շատ հարցերում, անգամ ազգայնական, խիստ տարբեր դիրքորոշումներ ունեն: «Այս պարագայում պակաս կարեւոր չէ նաեւ Սփյուռքի տարբեր հատվածների նյութական եւ գաղափարական ազդեցության դերը: Սա մի կողմից իր միանշանակ բացասական ազդեցությունն է թողնում պետության եւ հասարակության վրա, մյուս կողմից դառնում է խթան դեմոկրատական կարգերի հաստատման համար: Հայաստանյան լրատվամիջոցներին պակասում է միջազգային լրահոսը: Երբ հասարակությունը կենտրոնանում է զուտ ազգային եւ կենցաղային խնդիրների վրա, դեգրադացիա է ապրում: Իհարկե դա դժվար է, բայց պետք է աշխարհին ավելի վերեւից նայել, խնդիրը քննել նաեւ այլ պետությունների տեսանկյունից` դրա հնարավորությունը տալով նաեւ հասարակությանը»,- նշեց Շեւչենկոն:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: