30.11.2010 | 
Ուսանողական, Հասարակություն
«ՏԵՄՊՈՒՍԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 15 ՏԱՐԻ ՄԻԱՍԻՆ
«ՏԵՄՊՈՒՍԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 15 ՏԱՐԻ ՄԻԱՍԻՆ
«Տեմպուսի» բարեկամներն այսօր ԵՊՀ-ում էին:

ԵՊՀ-ում այսօր անցկացվեց Հարավային Կովկասում «Տեմպուս» ծրագրի 15-ամյակին նվիրված միջոցառում` ««Տեմպուսի» տեղեկատվական օր» խորագրով: «Տեմպուս» ծրագրին Հայաստանում շատերն են ծանոթ, հատկապես բուհական համակարգի ներկայացուցիչները։ Արդեն 15 տարի շարունակ Եվրամիության ֆինանսավորմամբ գործող այս ծրագիրը փորձում է մեր կրթական համակարգը մոտեցնել եվրոպական չափանիշներին։ Շնորհավորելով ներկաներին 15-ամյակի առթիվ` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարեւորեց հատկապես այն հանգամանքը, որ «Տեմպուսի» ծրագրերի շնորհիվ սերտ համագործակցություն է ձեւավորվել հայաստանյան բուհերի միջեւ, ինչը նախկինում գրեթե հազվադեպ երեւույթ էր:

 

Ի դեպ, 15 տարիների ընթացքում հայաստանյան բուհերի շարքում ԵՊՀ-ն ամենամեծ թվով ծրագրերի է մասնակցել` 18 ծրագիր: Այս ցուցանիշով երկրորդ տեղում Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանն է, իսկ երրորդում` Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Տեմպուսի» շուրջ մեկ տասնյակ ծրագրերի մասնակից է: ««Տեմպուսի» ծրագրերը Հայաստանում ամենաարդյունավետ ծրագրերից են, որոնք աջակցում են մեր կրթական պետական քաղաքականությանը եւ միտված են լրացնելու այս կամ այն վրիպումը, բացը, եւ դա որոշակիորեն հաջողվել է»,- ընդգծեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը: Միջոցառման ընթացքում 15 տարիների կատարած աշխատանքի յուրահատուկ հաշվետվությամբ հանդես եկավ «Տեմպուս» ծրագրի հայաստանյան ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան: Այս տարիների ընթացքում «Տեմպուսի» ծրագրերին Հայաստանից 158 հաստատություն է մասնակցել, որոնց շարքում 14-ը հայկական պետական համալսարաններն են:

 

1995-2010 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ իրագործվել է 42 համատեղ ծրագիր, եւ տրվել են 60 անհատական դրամաշնորհներ: Այժմ ընթացքի մեջ է «Տեմպուս-IV» ծրագիրը, որի 4-րդ մրցույթի մասին մանրամասներն ու Հայաստանի համար ծրագրի առաջնահերթություններն այսօր ներկայացվեցին միջոցառման մասնակիցներին: «TEMPUS»-ը (Trans European Mobility Program for University Studies) Եվրոպական հանձնաժողովի ծրագիր է, որի նպատակն է Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում աջակցել բարձրագույն կրթական համակարգերի բարեփոխումների եւ արդիականացման համար տարվող աշխատանքներին։ Ծրագիրն ընդունվել է 1990 թ. ԵՄ նախարարների խորհրդում, եւ այդ ժամանակից ի վեր այն երկարացվել է 4 անգամ։ Նշենք, որ «Տեմպուս-IV» ծրագիրը շարունակվելու է մինչեւ 2013 թ-ը։

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: