03.05.2010 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆՈՐ ԲԱՐԵԿԱՄԸ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆՈՐ ԲԱՐԵԿԱՄԸ
Ախալցխայի պետական համալսարանի հետ համագործակցության առաջին քայլն արված է:

Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուընկալել էր Ախալցխայի պետական համալսարանի (ԱՊՀ) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Երեւանի եւ Ախալցխայի պետական համալսարանների ռեկտորները համագործակցության պայմանագիր ստորագրեցին:

 

Պայմանագրի ստորագրումից առաջ, սակայն, պատվիրակության անդամները եւ մասնավորապես` ԱՊՀ ռեկտոր Թինա Գելաշվիլին ներկայացրին իրենց` 22 տարվա պատմություն ունեցող կրթօջախը: Ի սկզբանե որպես Թբիլիսիի պետական համալսարանի մասնաճյուղ ստեղծված համալսարանն արդեն գործում է առանձին եւ ունի 5 ֆակուլտետ:

 

Ախալցխայի պետական համալսարանի ռեկտորն առանձնացրեց այն հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ հնարավոր է համագործակցել ԵՊՀ-ի հետ: Թինա Գելաշվիլին տեղեկացրեց, որ հայերենի մասնագետներ պատրաստող միակ ֆակուլտետն արդեն երկու տարի է` չի գործում: Ռեկտորի տեղեկացմամբ, թեպետ ֆակուլտետում սովորել ցանկացող երիտասարդների թիվը շատ քիչ է, սակայն ֆակուլտետի գործունեության դադարեցման հիմնական պատճառը համապատասխան մանկավարժների բացակայությունն է: Հաշվի առնելով համագործակցության հնարավոր ոլորտները` Արամ Սիմոնյանի հետ հանդիպումից առաջ պատվիրակությունն եղել էր ԵՊՀ պատմության եւ հայ բանասիրության ֆակուլտետներում, զրուցել դեկանների հետ:

 

«Ֆակուլտետային» հանդիպումներ նախատեսվում են նաեւ վաղը. Ախալցխայի համալսարանի ներկայացուցիչները կհանդիպեն ԵՊՀ սոցիոլոգիայի եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների ղեկավարների հետ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ ԵՊՀ-ն կարեւորում է տարածաշրջանում գործող կրթօջախների հետ գործնական համագործակցությունը: Ռեկտորն ընդգծեց, որ այս համատեքստում բոլորովին էլ նշանակություն չունի, թե համալսարանը քանի տարեկան է կամ քանի ուսանող ունի. կարեւորն արդյունավետ աշխատանքն է: «Մենք կոնկրետ գործի կողմնակից ենք: Ռեկտորներիս գործը, պայմանագիր ստորագրելով, կարելի է ասել, ավարտվում է: Դրանից հետո համագործակցությունը պետք է իրականացնեն համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:

 

ԵՊՀ-ն համագործակցում է 160-ից ավելի բուհերի հետ, եւ պետք է ընդունել, որ դրանց մի մասի հետ պայմանագրի ստորագրումից հետո կամ չենք աշխատում, կամ շփվում ենք միայն տոնակատարությունների մակարդակով: ԵՊՀ-ն ուրախ կլինի Ախալցխայի համալսարանի հետ համագործակցել թեկուզ մեկ-երկու ոլորտներում, սակայն անպայման կոնկրետ գործերի շրջանակում»,- ասաց Արամ Սիմոնյանը:

 

Հադիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Վրաստանի դեսպանորդ Գոչա Գվարամաձեն, ով դեսպանատան անունից խոստացավ ամեն կերպ աջակցել երկու համալսարանների համագործակցության կայացմանն ու զարգացմանը: Երկու համալսարանների ռեկտորներն էլ նշեցին, որ պայմանագիրը համագործակցության միայն ձեւական մասն է, բովանդակային եւ արդյունավետ աշխատանքի համար հետագայում պետք է հստակեցվեն այն ոլորտները, որտեղ երկու բուհերը կարող են համատեղ աշխատել:

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՈՒԻՑԻԴԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԿՕՐՅԱ ԹՐԵՅՆԻՆԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը «Meaningful world» ծրագրի նախագահ ու հիմնադիր Անի Գալայճեանի հետ իրականացնում է թրեյնինգային ծրագիր «Սուիցիդի կանխարգելման առաջին օգնության հմտությունների ուսուցում» խորագրով: