22.02.2010 | 
Գիտություն, Հասարակություն
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՏՆՏԵՍԱԳԵՏԻՆ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՏՆՏԵՍԱԳԵՏԻՆ
Հայազգի տնտեսագետ Ա. Աղանբեկյանը վերլուծեց ճգնաժամի ազդեցությունը Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստանի Հանրապետությունում:

Մայր բուհը եւ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը այսօր հյուրընկալել էին ամբողջ աշխարհում հայտնի տնտեսագետ, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ կառավարությանն առընթեր ժողտնտեսության ակադեմիայի ամբիոնի վարիչ Աբել Գեզեվիչ Աղանբեկյանին: Ժամանակակից ճգնաժամը, ըստ նրա, շատ յուրօրինակ է. այն ունի մի քանի յուրահատկություններ, եւ դրանցից առաջինն այն է, որ ճգնաժամը գլոբալ է, այսինքն` համակել է ամբողջ աշխարհը:

 

Բացի դրանից, այն նաեւ համակողմանի է, քանի որ սկսվեց որպես ֆինանսական, սակայն մեծանալով` վերածվեց ընդհանուր տնտեսական ճգնաժամի: Ժամանակակից ճգնաժամի մյուս յուրօրինակությունը նրա երկարատեւությունն է: Օրինակ` Աղանբեկյանի խոսքերի համաձայն, ԱՄՆ-ում այն կտեւի ավելի քան 4 տարի, Եվրոպայում ճգնաժամը բռնկվել է Միացյալ Նահանգներից մեկ տարի ուշ եւ այնտեղ եւս կտեւի 3-4 տարի, քանի որ Եվրոպան ավելի վատ վիճակում է, իսկ Ռուսաստանում հետճգնաժամային վերականգնումը կտեւի մինչեւ 2012 թվականը:

 

Ըստ տնտեսագետի` Ռուսաստանում ճգնաժամը շատ ավելի մեծ էր եւ ազդեցիկ, քան աշխարհի այլ երկրներում, իսկ Հայաստանում ճգնաժամը բոլորովին այլ ձեւ է ստացել, եւ ազդեցությունն էլ է ուրիշ: Հետեւաբար, ճգնաժամի դեմ պայքարի ստրատեգիան էլ Հայաստանում բոլորովին այլ պետք է լինի: Հայաստանում նախ պետք է հավասարակշռել արտահանումն ու ներկրումը, բացի դրանից մայրաքաղաքի եւ մարզերի համաչափ զարգացմանն է պետք ուշադրություն դարձնել: Եվ Հայաստանի տնտեսության զարգացման կարեւորագույն գրավականներից մեկն արտերկրում գործունեություն ծավալած գործարար հայերի ներդրումներն են հայրենիքում: Պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ այստեղ ներդրումներ կատարելու համար:

 

Ա. Աղանբեկյանի խոսքերով` համաշխարհային տնտեսական զարգացման աղյուսակում Ռուսաստանը 50-րդ տեղում է, Հայաստանը` 90-րդ: Աղանբեկյանի խոսքերի համաձայն, չիներենում ճգնաժամ բառը գրվում է երկու հիերոգլիֆով, որոնք թարգմանաբար նշանակում են` աղետ եւ հնարավորություն: Եվ իսկապես, ակադեմիկոսի մեկնաբանությամբ, ճգնաժամն իր հետ բերում է նաեւ նոր հնարավորություններ:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: