09.07.2010 | 
Հասարակություն
ՇՈՒՐՋ 200 ԴԻՊԼՈՄՆԵՐ` ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ
ՇՈՒՐՋ 200 ԴԻՊԼՈՄՆԵՐ` ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ
Պատմության ֆակուլտետի շրջանավարտներն իրենց ավարտական դիպլոմները ստացան ԵՊՀ պատմության թանգարանում:

Պատմության ֆակուլտետի շուրջ 200 ուսանողներն այսօր ԵՊՀ պատմության թանգարան էին եկել ոչ թե պարզապես շրջելու ու ցուցանմուշներով հիանալու, այլ ավարտական դիպլոմներ ստանալու: Ու, չնայած շոգ եղանակին, նրանք ուրախ էին, հուզված, մի քիչ էլ` շփոթված:

«Այսօրվանից դուք ձեզ հետ կտանեք միայն հաճելի հուշեր Համալսարանից: Հիշե՛ք, որ որտեղ էլ որ լինեք, միշտ էլ Մայր բուհի շրջանավարտ եք լինելու: Փորձե՛ք կյանքում այնպիսի լավ գործեր անել, որ ձեզ վկայակոչեն` իբրեւ արժանի համալսարանականի»,- իր շնորհավորական խոսքում նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու ու հիշարժան այս օրվա առթիվ շնորհավորելու էր եկել նաեւ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: «Այս ջերմ եւ շոգ պայմաններում շնորհավորում եմ ձեզ` ձեր կյանքի առաջին կամ երկրորդ լուրջ հաջողության համար: Այս օրը ձեզ համար ուրախ ու տխուր է միաժամանակ, քանի որ ավարտվում է ձեր կյանքի «ազատ» շրջանը, այն շրջանը, որը, հետագայում կհամոզվեք, լավագույնն է եղել»,- ասաց Ալեքսանդր Գրիգորյանը:

Նշենք, որ պատմության ֆակուլտետի շրջանավարտներն առաջին անգամ էին իրենց դիպլոմները ստանում Պատմության թանգարանում: Եթե մագիստրոսների մեծ մասի համար սա համալսարանական կյանքի «վերջն» է, ապա բակալավրիատի շրջանավարտները դեռ մագիստրատուրայում ուսանելու հույսեր են փայփայում: 

Մշակութաբանի մասնագիտություն ստացած Տաթեւիկը գերազանց առաջադիմությամբ է ավարտում Համալսարանը, բայց ցանկություն ունի ուսումը շարունակելու նաեւ մագիստրատուրայում: «4 տարվա դժվար աշխատանքիս արդյունքն է: Դպրոցում նույնպես 10 տարի գերազանցիկ եմ եղել, ու կարծես դա ինձ համար հոբբի է դարձել»,- կեսկատակ նշում է Տաթեւիկը: Տաթեւիկը դեռ չգիտի` ինչպես է շարունակելու իր օրը եւ ում հետ է նշելու, բայց վստահ է, որ Համալսարանում շատ անելիքներ ունի:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: