04.02.2021 | 
Կրթություն, Հասարակություն
ԵՊՀ-ՊՆ ԶՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ-ՊՆ ԶՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության աշխատակիցների հետ։

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից ներկայացուցիչներ, ՊՆ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սամվել Բարոյանը և վարչության աշխատակիցներ։

Հանդիպման սկզբում Հրանտ Ավանեսյանը ողջույնեց ներկաներին և կարճ ներկայացրեց ֆակուլտետի իրականացրած աշխատանքը ՊԲ ԶՈՒ-ի հետ. «Բոլորիդ հայտնի է, որ պատերազմի հենց սկզբից կամավորական սկզբունքով բազմաթիվ հոգեբաններ արձագանքեցին ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կոչին և միացան վիրավոր զինվորների հետ աշխատանքներին, այնուհետև միացան նրանց ընտանիքների, տուժածների և փախստականներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործընթացին»,- ասաց նա։


Ամբիոնի վարիչը նշեց, որ շարունակական աշխատանքների շնորհիվ ՊՆ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության և Ընդհանուր հոգեբանության ամբիոնի համագործակցությունն ընդլայնվել է, ինչի արդյունքում այսօր օրակարգում կա աշխատանքային քննարկում, թե ինչպես ԵՊՀ հոգեբանները կարող են աջակցել ռազմական հոգեբանների պատրաստման համակարգի ձևավորմանը։

Ալեքսան Բաղդասարյանը նույնպես ողջունեց ներկաներին և ասաց, որ ԵՊՀ և ՊՆ համագործակցությունը տարիների պատմության ունի։ Նա նշեց, որ ֆակուլտետի հոգեբանական թևը միշտ պատրաստ է եղել անհրաժեշտության դեպքում բարեկամական հիմունքներով աջակցություն ցուցաբերել ՊՆ-ի կոնկրետ բաժիններին։ Նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կարող է հիմք դառնալ ֆակուլտետում համապատասխան կադրեր ստեղծելու համար, որոնք հետագայում կհամալրեն ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության աշխատակիցների շարքերը. «Այսօր ժամանակն է, որպեսզի մեր համագործակցությունը ձեռք բերի պաշտոնական ձևաչափ, և մեկս մյուսի նկատմամբ ունենանք պարտավորություններ ու պատասխանատվություն»։

 



«Աշխարհի բոլոր բանակներն ունեն այսպիսի հոգեբանական ծառայություններ մատուցող կենտրոններ, որոնք մասնակցում են բանակաշինության գործընթացին։ Մենք գիտենք, որ ամենակարևորը մարդն է, որի շուրջ կառուցվում է ամեն բան, հետևաբան հոգեբանների ծառայությունն այստեղ ամենաէականն է»,- ասաց ֆակուլտետի դեկանը։
Նա պատմեց պատերազմի ընթացքում հոգեբանական ծառայության մատուցման խմբի ստեղծման մասին, որը հոկտեմբերի հենց առաջին շաբաթում անցել է աշխատանքի։ Եվ այժմ ֆակուլտետը պատրաստ է մասնագիտացված ռազմական հոգեբաններ կրթել հետագայի համար։

Սամվել Բարոյանն ասաց, որ պատերազմական իրավիճակում հոգեբան մասնագետների դերը չափազանց կարևոր է բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ձևավորման գործընթացում։

Նա ներկայացրեց պատերազմի օրերին և դրանից հետո հոգեբանների իրականացրած աշխատանքի արդյունքները և հավելեց, որ հետագայում ավելի շատ մասնագետների պատրաստման գործընթացները պետք է շարունակական լինեն. «Առաջիկայում նախատեսվում է ռազմական հոգեբանների պահեստազոր ստեղծել և նրանց համար պարբերաբար իրականացնել զինավարժություններ»։

ՊՆ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության հոգեբանական ապահովման բաժանմունքի պետը հայտարարեց, որ զինված ուժերի սպա հոգեբանների թափուր հաստիքները որակավորված մասնագետներով համալրելու ուղղությամբ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի համապատասխան պաշտոնատար անձանց հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն արագացված մագիստրոսական ծրագրով դասընթացների կազմակերպման վերաբերյալ։

 



«Հաշվի առնելով զինված ուժերում սպա հոգեբանների դերի կարևորությունը, ինչպես նաև առկա թափուր հաստիքների համալրման ուղղությամբ իրականացվող կադրային աշխատանքների հրատապությունը՝ խնդրում եմ համաձայնեցման նպատակով և հնարավորինս սեղմ ժամկետներում Պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչություն ներկայացնել ուսումնական ծրագրի մշակված տարբերակը սույն թվականի սեպտեմբերի 1-ից՝ նշված ծրագիրը մեկնարկելու նպատակով»,-ասաց նա։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև շնորհակալագրերի հանձնման արարողություն ֆակուլտետի հոգեբաններին՝ Արցախյան պատերազմի ընթացքում մարդկանց բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար, քննարկվեցին նաև նոր կրթական ծրագրի որոշ մանրամասները։

 



Հավելենք նաև, որ 2020 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար պատվոգրեր են ստացել նաև ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը , Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը, Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Հրաչյա Հովհաննիսյանը և Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը։

Այլ նորություններ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.