17.09.2010 | 
Հասարակություն
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի եւ Viva Cell MTC-ի միջեւ նոր համագործակցության սկիզբ դրվեց:

Տեղի ունեցավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Ժուռնալիստ» տպագիր պարբերականի նոր «Journalist.am» էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը: Այս առիթով Viva Cell MTC-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Ֆակուլտետում` հանդիպելու դասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Ըստ նախնական պայմանավորվածության` Viva Cell MTC-ը «Journalist.am»-ի անխափան աշխատանքի համար խմբագրությանը տրամադրելու էր անսահմանափակ հնարավորությամբ ինտերնետային մեկ մոդեմ, սակայն ֆակուլտետի տեխնիկական հնարավորություններին ծանոթանալուց հետո, Viva Cell MTC-ի գլխավոր տնօրենը որոշեց անսահմանափակ հնարավորությամբ ինտերնետ տրամադրել ամբողջ Ժուռնալիստիկայի ֆակուլտետին:

 

Ուսանողների համար կարդացած դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ Viva Cell MTC ընկերության գլխավոր արժեքը հարգանքն է եւ վստահությունը ոչ միայն իրենց հաճախորդների նկատմամբ, այլեւ այն երիտասարդների, ովքեր աշխատում են իրենց ընկերությունում: «Մենք մեր ստեղծման օրվանից մշտապես կարեւորել ենք հայ երիտասարդների ներուժը, եւ մեզ մոտ առաջին իսկ օրվանից աշխատանքի են անցել նորավարտ համալսարանականներ: Կարծում եմ` մեր ընկերության հիմնական հաջողություններից մեկն էլ հենց այն էր, որ մենք հավատացինք եւ վստահեցինք մեր երիտասարդներին: Մեզ մոտ աշխատում են բացառապես հայ երիտասարդներ, եւ մշտապես այդպես է լինելու, չնայած որ ընկերության բաժնետոմսերի 80%-ը օտարազգիների ձեռքում է»,-ասաց Viva Cell MTC-ի գլխավոր տնօրենը: Վերջինս կարեւորեց, որ իրենց ընկերությունում երբեւէ այլազգի մասնագետներ չեն աշխատել, եւ իրենք հաջողության են հասել` գիշեր-ցերեկ աշխատելով, առանց որեւէ կողմնակի օգնություն ստանալու, եւ միմիայն շնորհիվ հայ երիտասարդների: Քանի որ հանդիպման մասնակիցների մեծ մասը լրագրողներ էին կամ ապագա լրագրողներ, դասախոսության ավարտին պարոն Յիրիկյանի եւ ներկաների միջեւ տեղի ունեցավ փոքրիկ հարցազրույց: Հարցերը բազմազան էին եւ հիմնականում առնչվում էին Viva Cell MTC-ի կազմակերպած բարեգործական ակցիաներին: Եվ մշտապես Ռալֆ Յիրիկյանը ուղղում էր ուսանողներին, որ դրանք բարեգործություններ կամ բարերարություններ չեն, պարզապես իրենց ընկերությունը կորպորատիվ պատասխանատվություն ունի իր հաճախորդների նկատմամբ: «Կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում արված աշխատանքները բարի գործեր չեն, պարզապես մեր ընկերությունն զգում է իր կարեւոր դերն ու նշանակությունը մեր երկրի տնտեսության մեջ:

 

Մենք մեր հաճախորդներից գանձած գումարների նկատմամբ պատասխանատվություն ունենք, մենք շնորհակալ ենք նրանց մեր ծառայություններից օգտվելու համար, բայց մեր շնորհակալությունները գործով ենք արտահայտում եւ ոչ թե, այսպես ասած, «կենաց» խմելով»,-նշեց Ռալֆ Յիրիկյանը: Նշենք նաեւ, որ, բացի Երեւանի պետական համալսարանից, Viva Cell MTC-ը համագործակցում է եւս 30 համալսարանների եւ նրանց մասնաճյուղերի հետ:

 

Այդ համագործակցության շրջանակներում բուհերի ուսանողների համար պարբերաբար կազմակերպվում են պրակտիկաներ ընկերությունում, որտեղ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու ընկերության աշխատանքներին, բացի դրանից, հաճախ ընկերության աշխատակիցներն ամենատարբեր մասնագիտությունների տեր ուսանողների համար դասախոսություններ են կարդում: Հանդիպման վերջում Ժուռնալիստիկայի ֆակուլտետն էլ իր հերթին Viva Cell MTC-ի գլխավոր տնօրենին նվիրեց մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի, մանրանկարչուհի Մարիամ Մուխդուսյանի ձեռքի աշխատանքներից մեկը:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: