03.12.2009 | 
Հասարակություն
ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Մեդալակիրներին հյուրընկալեցին ապագա ժուռնալիստները:

Մարզական ժուռնալիստիկա առարկայի շրջանակներում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հյուրերն էին Ծանրամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը եւ բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Ուսանողների ջերմ ծափահարություններից եւ ողջույններից հետո մարզիկները սկսեցին պատասխանել ներկաների հարցերին, որոնք ոչ միայն սպորտային, այլեւ անձնական բովանդակություն ունեին:

 

Եթե Առաքելի դեպքում ծանրամարտը «ժառանգաբար» է փոխանցվել, ապա Հռիփսիմեի դեպքում բոլորը դեմ են եղել իր ընտրությանը, բացի հորեղբորից: «Եթե լսեի ուրիշների կարծիքները, այսօր ոչնչի էլ չէի հասնի»,- համեստորեն ժպտալով` ավելացնում է Հռիփսիմեն: Սպորտային մեկնաբան եւ դասախոս Կարեն Գիլոյանը պարզաբանեց նաեւ, թե ինչու Նազիկ Ավդալյանի առաջին փորձը չհաշվեցին: Բանն այն է, որ ծանրաձողը բարձրացնելիս Նազիկը կատարել էր ձեռքի դիրքի փոփոխություն, ինչը պոկում վարժությունում արգելված է:

 

Մարզիկները, անկեղծանալով, ուսանողներին խոստովանեցին, որ հաղթանակի գործում իրենց «ներդրումն» ունեն նաեւ մրցակիցները: «Եթե դու որեւէ քաշ չես բարձրացնում, մրցակիցը դրա հաշվին գնում է առաջ` դրանով քեզ ստիպելով, որ ավելի լավ արդյունքների ձգտես»,- ասում է Առաքել Միրզոյանը:

 

Նրանք խոսեցին նաեւ իրենց հաջողությունների գաղտնիքի մասին: Նրանց խոսքերով` միայն լավ մարզչի վրա հույս դնելով` չեմպիոն չես դառնա: Մարզիկը պետք է շատ աշխատասեր լինի: Այնուամենայնիվ, բարձր գնահատելով իրենց մարզիչների աշխատանքը, մարզիկները խոստովանում են, որ նրանք իրենցից շատ են անհանգստանում ելույթների ժամանակ: Արդյունքների մասին խոսելիս Առաքելն ասաց, որ դժգոհ է իր ելույթից: «Ես գնացել էի ոսկի բերելու, որովհետեւ մարզումների ժամանակ ես բարձրացնում էի 191 կգ»,- ասում է նա: Իսկ պարոն Գիլոյանը, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ Առաքելի սիրտը դեռեւս ազատ է, վստահեցրեց, որ ավելի մեծ նվաճումները սարերի ետեւում չեն:

 

Հռիփսիմեն կարծում է, որ հաջողության հասնելու համար պետք է միայն, որ մարզիկն իր ուժերի վրա վստահ լինի: Իսկ իբրեւ թալիսման` նա միշտ թեւին կրում է աչքի ուլունք: Հանդիպման ավարտին ուսանողները նրանց նվիրեցին վագրի տեսքով փոքրիկ հուշանվերներ` որպես ուժի խորհրդանիշ:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: