03.10.2010 | 
Հասարակություն
ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ
ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ
Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց ռուս-հայկական մաթեմատիկական երրորդ խորհրդաժողովը:

Մաթեմատիկան ֆիզիկայի, կոմպլեքս անալիզի եւ հարակից հարցերին նվիրված սեմինարի ընթացքում հայ եւ ռուս մաթեմատիկոսները ներկայացնելու են զեկույցներ, անդրադառնալու են ոլորտում առկա խնդիրներին ու մաթեմատիկայի դասավանդման մեթոդներին: ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի եւ Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի` Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի համատեղ կազմակերպած սեմինարին այս տարի միացել էին նաեւ Երեւանի պետական համալսարանն ու Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը: ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Նորայր Առաքելյանը, ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին, մաղթեց արդյունավետ քննարկումներ եւ ցանկություն հայտնեց, որ սեմինարի մասնակիցները հետագայում եւս համագործակցեն: Մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Իգոր Վոլովիչը նշեց, որ այս օրերի ընթացքում հնչած զեկույցներն ու քննարկումները երիտասարդ մաթեմատիկոսներին հնարավորություն կտան ավելի խորացնելու իրենց գիտելիքները, որոնք հետագայում կօգտագործեն դասավանդման ժամանակ:

 

Պարոն Վոլովիչը, հիշելով 2008 թ.-ին Մոսկվայում անցկացրած խորհրդաժողովը, նշեց, որ շատ երիտասարդ ռուս դասախոսներ, լսելով փորձառու մասնագետների զեկույցները, մեծ ազդեցություն են ունեցել իրենց հետագա ուսումնական ու գիտական գործունեության վրա: ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը նշեց, որ նմանօրինակ խորհրդաժողովները հրաշալի առիթ են` երկու երկրների մաթեմատիկոսներին միավորելու եւ ոլորտում առկա հարցերին համատեղ լուծումներ առաջարկելու համար: Նշենք, որ ռուս-հայկական մաթեմատիկական նմանօրինակ սեմինարներ կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ. առաջինը տեղի է ունեցել 2006 թ. –ին Երեւանում, իսկ երկրորդը` 2008 թվականին Մոսկվայում: Մաթեմատիկան ֆիզիկայի, կոմպլեքս անալիզի եւ հարակից հարցերին նվիրված խորհրդաժողովի փակման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: